Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԶ. Իննսունամյա մոլորություն կամ

Ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ – 1

/Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամյա տարելիցին ընդառաջ/


Պատմության, մասնավորապես միջազգային հարաբերությունների պատմության ուսումնասիրությունն ինքնանպատակ չէ: Ուսումնասիրելով պատմությունը՝ մարդիկ փորձում են անցյալից դասեր քաղել, որպեսզի նույն սխալները չկրկնեն ապագայում: Այս առումով թվում է, որ մենք հետևողականորեն մերժում ենք պատմության դասերը և առաջնորդվում ենք ցանկալին իրականի տեղ դնելու մոլորությամբ: Եթե այդպես չլիներ, ապա մենք Ցյուրիխում չէինք ստորագրի հայթուրքական խայտառակ արձանագրությունները: Արձանագրություններ, որոնք բերեցին կարճաժամկետ թվացյալ թեթևության զգացողություն, սակայն մնացին անպտուղ ու ամուլ՝ ըստ այդմ դառնալով քաղաքական օնանիզմի կատարյալ նմուշներ:

Իննսուն տարի առաջ այս օրերին տարաբախտ Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում հայերի ու թուրքերի միջև բանակցություններ էին ընթանում, մեր կարճատև քաղաքական պատմության թերևս դժվարագույն բանակցությունները: Այդ բանակցությունները 03.12.1920թ. ավարտվեցին Ալեքսանդրապոլի ծանրագույն պայմանագրի ստորագրումով: Բանակցությունների ընթացքի, բուն պայմանագրի իրավական կարգավիճակին և բովանդակության համեմատական վերլուծությանը կանդրադառնամ հաջորդ հոդվածով, հիմա մի քանի խոսք պայմանագրի նախընթացի մասին:

Իհարկե, Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրումը մեկուսի երևույթ չէր: Այն հետևանք էր հատկապես 1920թ. Մայիսյան հայրենակործան ապստամբությունից հետո Հայաստանում առաջացած ռազմաքաղաքական իրավիճակի, օրեցօր սերտացող բոլշևիկ-քեմալական համագործակցության, ինչպես նաև ՀՀ իշխանությունների ու ժողովրդի միջև առաջացած հսկայական վիհի: Քանի որ Հայաստանում ներկա իրավիճակը շատ առումներով կրկնում է 1920թ. մայիս-նոյեմբեր իրավիճակը, ուստի օգտակար եմ համարում որոշ հարցերի քննությունը:

Ինձ, վստահ եմ նաև շատերին, մշտապես մի հարց է կեղեքել: Ինչպե՞ս եղավ, որ բանակի գրեթե բացակայության պայմաններում հայ ժողովուրդը 1918թ. մայիսին բաց դաշտում պարտության մատնեց կամ գոնե արժանի հակահարված տվեց Օսմանյան բանակին, իսկ ընդամենը 2.5 տարի հետո՝ 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերին, 1918թ. համե-