Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մատ ունենալով ավելի շատ զենք, զինամթերք ու զինվոր, նույն Օսմանյան բանակի մնացորդներից Կարսի ամրակուռ ամրոցում կատարյալ պարտություն կրեց: Երբ ուսումնասիրում ես ժամանակի փաստաթղթերը, մամուլն ու հուշագրությունները, ապա մի բան ակնհայտ է դառնում՝ պարտության արմատներն ավելի շատ հոգեբանական էին, քան ռազմաքաղաքական: Իհարկե պաշտպանության կազմակերպման հարցում ահավոր սխալներ են թույլ տրվել, իհարկե եղել են բազմաթիվ ոչ նպաստավոր հանգամանքներ, մինչևիսկ պատահականություններ: Իսկ ի՞նչ է, 1918թ. մայիսին դրանք չկային: Իհարկե կային: Սակայն 1918թ. մայիսին հայ մարդը և զինվորը վստահ էր, որ Օսմանյան բանակը Հարավային Կովկաս է գալիս ավարտին հասցնելու համար Հայոց ցեղասպանության անավարտ գործը: Ուստի դիմադրությունն ու պայքարը այլընտրանք չունեին, կռվելու պատրաստակամությունը համաժողովրդական էր: Ի դեպ, Ղարաբաղի առաջին պատերազմի հաղթանակի բուն պատճառը ևս նրա ազգային-ազատագրական բնույթը և համաժողովրդական էությունն էր: Իսկ երբ նայում ես 1920թ. սեպտեմբեր-նոյեմբերի իրավիճակին, ապա ակնհայտ է դառնում, որ հայ զինվորը պարզապես հրաժարվել է կռվելուց, իսկ հայ մարդն՝ ընդհանրապես դիմադրություն ցույց տալուց: Դրա ամենավառ վկայությունը թուրքերի կորուստների թիվն է: Ըստ քեմալականների Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրի հաշվետվության, 3 օրվա մարտերի ընթացքում (31.10–02.11.1920թ.), ներառյալ նաև Կարսի գրավումը, թուրքերը տվել են ընդամենը 9 զոհ և 42 վիրավոր: Սա բոլշևիկյան «ժամանակները փոխվել են», «սրանք ուրիշ թուրքեր են» կարգախոսների մարմնավորում էր իրական կյանքում: Իսկ «նոր և նորացված թուրքերի» հեռանալուց հետո, տեղական իշխանությունները 1921թ. մայիսին ստիպված էին միայն Շիրակի 3 գյուղերում (հին անվանումներով` Ղալթաղչի, Աղբուլաղ և Բարափոլ) հողին հանձնել 4386 դիակ, որոնց 90%-ը կանայք և երեխաներ էին: Սա ևս «նոր և նորացված» թուրքերի հետ եղբայրություն անելու քաղաքականության դրսևորումներից էր: Ցավոք, հիմա էլ նույն քարոզն է, նույն հին երգը: Պարզապես դրսից աջակցություն ստացող բոլշևիկներին հիմա փոխարինում են զանազան գրանտակեր կազմակերպություններ և, այսպես կոչված, քաղաքագետներ: Քանի որ բոլշևիկները վստահ չէին, թե միայն հայերին մոլորության մեջ գցելով և կոտրելով նրանց դիմադրական ոգին, հնարավոր կլինի «ոչնչացնել իմպերիալիստական Հայաստանը», ապա քարոզչությունը զուգակցում էին այլ