Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քայլերի հետ: Սկսած 1919 մայիս-հունիսից, երբ Սեմյոն Բուդյոնին հանդիպեց Մուստաֆա Քեմալին, բոլշևիկները, տարված համաշխարհային հեղափոխության մարմաջով, հսկայական ռազմական և նյութական օգնություն էին ցուցաբերում քեմալականներին: Սակայն այդ հարաբերությունները հատկապես սերտացան, երբ 24.08.1920թ. կնքվեց քեմալաբոլշևիկյան համագործակցության գաղտնի համաձայնագիրը: Ի դեպ թուրքական կողմից համաձայնագիրը ստորագրողների թվում էր նաև պատերազմի հանցագործ, Օսմանյան կայսրության ռազմական նախկին նախարար Էնվեր փաշան: Փաստ, որը վկայում է հետևյալը. թեև Քեմալն ու Էնվերը տարիներ ի վեր ատում էին իրար, հայերի դեմ իրենց պայքարում բոլոր թուրքերը միակամ են: Գաղտնի համաձայնագրից անմիջապես հետո բոլշևիկները քեմալականներին հատկացրեցին 200,6կգ ոսկի3 և հսկայական քանակությամբ զենքզինամթերք: Ռազմական օգնության հատկացումների փաստերը համեմատաբար հայտնի փաստեր են, սակայն քչերը գիտեն, որ բոլշևիկները քեմալականներին օգնել են նաև ուղղակիորեն նրանց շարքերում «հայ իմպերիալիստների» դեմ կռվելով: 1920թ. օգոստոսի վերջին բոլշևիկյան առաջին զորախումբը՝ 7.000 հոգի, ժամանեց Էրզրում: Քիչ ավելի ուշ քեմալականներին օգնության եկավ մեկ այլ զորախումբ՝ 10.000 հոգի: Եթե առաջին զորախմբի պարտականությունն էր մասնակցել ՀՀ դեմ ռազմական գործողություններին, ապա 2-րդ զորախմբի խնդիրն էր պահել Միջագետքի ճակատը, որպեսզի այնտեղ տեղակայված բրիտանական ուժերը չկարողանան թիկունքից հարվածել քեմալականներին և այդ ձևով օգնեն Հայաստանին:

Ահա այս վիճակում՝ լքված դաշնակից Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից, դավաճանված դաշնակից Ռուսաստանի կողմից, ներքնապես տկարացած և ռազմականապես ջախջախված, ՀՀ պատվիրակությունը 1920թ. նոյեմբերի 24-ին ժամանեց Ալեքսանդրապոլ (Գյումրի) սկսելու բանակցությունները իբր նոր, իրեն հեղափոխական հորջորջող Թուրքիայի հետ:

Հղումներ և ծանոթագրություն

  1. Harb Tarihi Vesikalari Dergisi (Ռազմական պատմության փաստաթղթերի հանդես) սեպ. 1964, փաստաթուղթ №1146.
  2. Hovannisian R. The Republic of Armenia. v. IV, Berkeley, 1996, p. 286.
  3. Посольство Российской Федерации в Турции, www.turkey.mid.ru/20-30gg.html
  4. Somakian M Empires in Conflict: Armenia & the Great Powers, 1895-1920. London, 1995, 229.
28 նոյեմբերի, 2010թ.