Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՂԷ. Փոքր, բայց կարևոր ճշտում կամ

Ե՞րբ է ստորագրվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը

/Ալեքսանդրապոլի պայմանագրի 90-ամյա տարելիցին ընդառաջ/


Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ճշգրիտ օրն ու ժամը հույժ կարևոր նշանակություն ունի, որովհետև այն անմիջականորեն շաղկապված է Ալեքսանդրապոլում գտնվող հայկական պատվիրակության լիազորությունների (full powers), ըստ այդմ նաև նշյալ պայմանագրի իրավական կարգավիճակի հետ: Քանի որ ցանկացած գործողություն, այդ թվում նաև միջազգային փաստաթղթի ստորագրում, որը կատարվել է պետության ներակայացուցչի կողմից նրա լիազորությունների շրջանակից կամ ժամանակահատվածից դուրս՝ ultra vires գործողություն է և որպես այդպիսին որևէ պարտավորեցնող հետևանք չի ստեղծում տվյալ պետության համար,1 ուստի Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ճշգրիտ ամսաթվի զուտ պատմական փաստը տվյալ դեպքում վերաճել է իրավական կարևորության փաստի:

Այսինքն, տվյալ դեպքում հարցերի հարցը հետևյալն է. Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրելու պահին արդյո՞ք հայկական պատվիրակությունն ունեցել է նման լիազորություններ, թե՝ ոչ: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ սույն հարցի բացասական պատասխանը Ալեքսանդրապոլի պայմանագրի անվավերության (invalidity) հիմքերից միայն մեկն է: Ալեքսանդրապոլի պայմանագիրն անվավեր է նաև մի շարք այլ պատճառներով, այդ թվում վավերացված և ուժի մեջ մտած չլինելու, ինչպես նաև թուրքական պետության բարձրագույն իշխանավորի, այսինքն սուլթան Մոհամմեդ 6-ի, կողմից քեմալականներին համապատասխան լիազորություններ տված չլինելու պատճառով: Հարկ է ընդգծել, որ առնվազն մինչև 1922թ. նոյեմբերի 1-ը ոչ ոք, ոչ միջազգային համայնքը և ոչ էլ քեմալականները, կասկածի տակ չեն դրել սուլթանի de jure իշխանությունը, նրա սահմանադրական բացառիկ լիազորությունները և նրա իրավական գերակայությունը:

Հայաստանում 1920թ. իշխանափոխությունը փաստագրված իրողություն է, հետևաբար նրա օրն ու ժամը՝ անվիճելի փաստ: Իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների և ՌՍՖՍՀ ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումով: Նշյալ համաձայ