Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նագիրը ստորագրվել է 1920թ. դեկտեմբերի 2-ին, կեսօրից առաջ և ուժի մեջ է մտել նույն օրը երեկոյան ժամը 6-ին:

Քանի որ իշխանափոխության հարցը միանշանակորեն հստակ է, մնում է պարզել՝ ե՞րբ է ստորագրվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ մինչև իշխանափոխությունը, թե իշխանափոխությունից հետո:

Առավելաբար և ավանդաբար որպես Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվ նշվում է 1920թ. դեկտեմբերի 2ը: Սա սխալ թվագրում է, քանի որ փաստերն այլ բան են վկայում: Կարծում եմ նշյալ սխալը տարածում է գտել, քանի որ թեև պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերի 3-ին, պայմանագրի վրա մնացել է «2 դեկտեմբերի, 1920թ.» (2 Aralik 1336) թվագրումը:

Նախ տեսնենք՝ ի՞նչ են վկայում Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման անմիջական և ոչ անմիջական մասնակիցները: ՀՀ պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում գրում է հետևյալը. «Երեկոյեան ժամը 8-ին կայացաւ խաղաղութեան խորհրդաժողովի չորրորդ և վերջին նիստը: (…) Գիշերւայ ժամը 2-ին (դեկ. 2-էն լոյս 3-ը) դաշնագիրը ստորագրւեցաւ երկու պատւիրակութիւններու կողմէն»: Թուրք ազգայնականների ղեկավար, հետագայում Թուրքիայի նախագահ, Մուստաֆա Քեմալն իր 1927թ. հայտնի ճառում, խոսելով Ալեքսանդրապոլի պայմանագրի մասին, ասում է հետևյալը. «Խաղաղության բանակցությունները սկսվեցին նոյեմբերի 26-ին և ավարտվեցին դեկտեմբերի 2-ին; այդ գիշերվա ընթացքում պայմանագիրը ստորագրվեց Գյումրիում»: (Peace negotiations began on the 26th November and ended on the 2nd December; during that night the treaty was signed at Gumru.)

Բազմաթիվ են այն աղբյուրներն ու ուսումնասիրությունները, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագրի ստորագրման ամսաթիվն իրավացիորեն նշված է 1920թ. դեկտեմբերի 3-ը: Հաշվի առնելով հոդվածի բնույթը՝ ես ընթերցողին չեմ ծանրաբեռնի հղումներով: Կվկայակոչեմ միայն ժամանակի թերևս ամենաիրազեկ մարդու՝ Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի Գերագույն հանձնակատար Հորես Ռամբոլդի (Horace Rumbold) կողմից արտգործնախարար Ջորջ Քերզոնին (George Curzon) հղված (16 դեկտեմբերի, 1920թ.) հետախուզական ամփոփագիրը. «Թուրքերի և հայերի միջև խաղաղությունն իրականում Ալեքսանդրապոլում ստորագրվել է դեկտեմբերի 3-ին» (Peace between the Turks and Armenians had actually signed at Alexandropol on the 3rd December.)