Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին պետք է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921թ. մարտի 16-ի դրությամբ:

I.Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (РСФСР, ՌՍՖՍՀ) կարգավիճակը 1921թ.-ին:

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924թ.-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի, 1924թ.): Մինչև 1924թ. տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: Օրինակ, 1920թ. սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր: Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ: Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs Ericsson) գործում (1921թ.):

Վերոհիշյալ և տասնյակ այլ դատական վճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել: