Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԱ. Հրեան, դյոնմեն և Մուստաֆա Քեմալը

Նախորդ հոդվածս, որը Մուստաֆա Քեմալի (Աթաթուրք) անձնական կյանքի մասին էր, մեծ հետաքրքրություն է առաջացրել: Շատ հարցեր եմ ստացել նրա ծագման մասին: Հետևաբար որոշել եմ անդրադառնալ այդ հարցին:

Աթաթուրքը դյոնմե էր՝ հավատափոխ, իսլամացած հրեա: Դեռևս 1920-ականներից մշտապես շրջանառվել է Աթաթուրքի դյոնմե լինելու վարկածը: Այս վարկածի օգտին խոսող անհերքելի փաստարկներ և բազմաթիվ փաստեր կան: Սակայն մինչև բուն նյութին անցնելն ուզում եմ երկու հստակեցում անել:

Առաջինը՝ անկախ Միություն և առաջադիմություն կոմիտեի [Ittihad ve Terakki Cemiyeti, Committee of Union and Progress] ղեկավարության և անդամներից շատերի, ներառյալ Աթաթուրքի, ծագումից, նրանք բոլորը թուրքական պետության պաշտոնյաներ էին և գործում ու հանցագործություններ էին անում այդ պետության անունից և համար: Հետևաբար, միակ պատասխանատուն եղել և այսօր էլ մնում է թուրքական պետությունը՝ ներկայումս Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը: Բոլոր փորձերը հրեաներին դիտարկել որպես պատասխանատուներ Հայոց ցեղասպանության համար՝ լոկ այն պատճառով, որ հիշյալ կուսակցության ղեկավարության մի զգալի մասը դյոնմե է եղել ոչ միայն արդար չէ, այլև ճիշտ չէ: Նման մոտեցումը Թուրքիային հնարավորություն է տալիս հրեաներին ներկայացնել որպես Հայոց ցեղասպանության մտահղացողներ, իսկ քրդերին՝ կատարողներ: Ազգային կամ կրոնական ծագումը քաղաքականության մեջ որևէ դեր չունի: Բագրատունյաց փառքը չի դադարում հայկականը լինել զուտ այն պատճառով, որ Բագրատունիները ծագումով հրեա էին, կամ Աբդուլ Համիդ սուլթանը չի դառնում հայոց ազգային հերոսը, որովհետև նրա մայրը հայ էր:

Երկրորդ հստակեցումը վերաբերում է դյոնմե համայնքի իրավական կարգավիճակին և հասարակական ըմբռնմանը: Սխալ է դյոնմեի և հրեայի նույնականացումը: Դյոնմեն ծագումով հրեա է, սակայն արդեն հրեա չէ: Թուրքական պետությունների մեջ (Օսմանյան կայսրություն և Թուրքիայի Հանրապետություն) դյոնմեն թեև չի դիտարկվել որպես լիիրավ մուսուլման, այնուհանդերձ չի դիտարկվել նաև որպես հրեա: Դա ամրագրված է ոչ միայն սովո-