Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րույթի ուժով, այլև օրենսդրորեն: Օրինակ, երբ 1942թ. նոյեմբերի 11-ին Թուրքիայում ընդունվեց #4305 օրենքը, որն ավելի շատ հայտնի է Ունեցվածքի հարկման մասին օրենք (Varlik Vergisi Kanunu) անունով, ապա Թուրքիայում բնակվող բնակչությունը հարկման համար բաժանվեց 4 խմբի: Թուրքահպատակները բաժանվեցին 3 խմբի՝ «M» մուսուլմաններ, «G» ոչ մուսուլմաններ և «D» դյոնմեներ: Առանձին խումբ էին կազմում Թուրքիայում մշտապես բնակվող օտարահպատակները՝ «E»: Ոչ մուսուլմանները՝ ներառյալ նաև հրեաները, մուսուլմաններից 4 անգամ ավել հարկ էին վճարում, իսկ դյոնմեները՝ 2 անգամ: Սա ակնառու կերպով ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները դյոնմեներին չէին դիտարկում որպես հրեա: Ի դեպ, թեև դյոնմեներն իրավական տեսանկյունից հրեաների և քրիսոնյաների նկատմամբ որոշ առավելություն ունեին, սակայն թուրք հասարակական գիտակցության մեջ նրանց նկատմամբ ատելությունը միշտ ավելի խորն է եղել և է: Ահա ինչպես է բացատրում այդ երևույթը Անկարայում Բրիտանիայի դեսպանի փոխանորդ Ջ.Ք. Ստերնդըլ Բեննեթը (J.C. Sterndale Bennett) իր 1942թ. դեկտեմբերի 12-ի գաղտնի զեկուցագրի մեջ. «Նշանակալի է, որ վերջերս կայացած մասնավոր մի զրույցի ժամանակ երեք երևելի թուրք սաստիկ կերպով պախարակում էին դյոնմեներին և հատկապես Մ. Յալմանին. [ասում էին]. “Դյոնմեներն ավելի վատն են, քան հրեաները, քանի որ նրանք ձևացնում են, որ թուրք են և [այդպիսով] ուզում են ունենալ երկու աշխարհի լավագույնը”»: Իհարկե, այս մտածողությունը նոր չէր թուրքական քաղաքական մշակույթի համար: Դեռևս 1923թ. Ռիզա Նուրը (Riza Nur)՝ Լոզանի կոնֆերանսում թուրքական պատվիրակության երկրորդ դեմքը, հայտարարում էր. «Հույներն ու հայերն ավելի լավ են սրանցից, եթե այլ պատճառ էլ չլինի, գոնե մենք գիտենք, որ նրանք հույներ ու հայեր են: Այս օտար տարրը, այս մակաբույծը, թաքնվում է մեր արյան մեջ»:

Շատ հետաքրքիր է դիտարկել թուրքական հասարակական գիտակցության մեջ վերաբերմունքի փոփոխությունը դյոնմեների նկատմամբ: Այլատյացությունը խորն արմատներ ունի թուրքական հասարակության մեջ: Թուրքերը մշտապես Օսմանյան կայսրության բոլոր հաջողությունների շնորհքն իրենց են վերագրում, իսկ բոլոր անհաջողությունների մեղքը բարդում են ուրիշների վրա: Երբ կային հայերն ու հույները, ապա բոլոր ձախողումները կարելի էր նրանց վրա բարդել, միաժամանակ նրանց թալանելն օգտագործել սեփական հարստաց