Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին:

Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության վերաբերյալ վերոգրյալն ամբողջովին վերաբերում է նաև, այսպես կոչված, «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականները որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ՝ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառույցի «կառավարության»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նմանօրինակ կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ. նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից:

Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Մուստաֆա Քեմալը 1921թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլիսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ