Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքնության փաստաթղթերում կրոնի տողում “իսլամ”-ի փոխարեն “հրեա” գրելու պահանջով, շատ արագ բավարարեց այն: Այսինքն, դատարանը հարցը չդիտարկեց որպես կրոնափոխության հարց, որն ընդհանրապես շատ երկար է տևում, այլ զուտ կրոնական պատկանելության ձևակերպման հստակեցում: Ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք այս երևույթը, խորքի մեջ, թուրք հասարակության համար կարող է լուրջ խնդիրներ ստեղծել և ավելի խորացնել այդ հասարակության մեջ արդեն իսկ առկա ինքնության ճգնաժամը: Դյոնմեների հարցում հասարակական գիտակցության մեջ այս փոփոխությունը ոչ այնքան անհատի կողմից սեփական ինքնության որոնման արտացոլումն է, որքան հասարակական վարքի մեջ երևան եկած նոր դրսևորումների հետևանք: Ներկայումս ոչ այնքան դյոնմեն է որոնում իր ինքնությունը, որքան թուրք ազգային և կրոնական ծայրահեղականներն են սկսել դյոնմեների փնտրտուք: Կարծում եմ՝ դա պայմանավորված է Թուրքիայի քաղաքական կյանքում հայերի և հույների իսպառ բացակայությամբ: Այլևս նրանց չի կարելի մեղադրել երկրում առկա խնդիրների համար, որովհետև նրանք պարզապես չկան այդ կյանքի մեջ: Թուրքիայի քաղաքական կյանքում չկան նաև հրեաներ: Հետևաբար, այս իրավիճակում թուրք հասարակությունը կարիք ունի գտնելու նոր, արժանի մեղավորների: Այդ դերը ներկայումս վերապահվում է դյոնմեներին, երբ նրանց դարձնում են, ինչպես անվանել է հարցի լավագույն մասնագետ Ռիֆաթ Բալին (Rifat Bali), «քավության նոխազ բոլոր տոների համար» (A Scapegoat for All Seasons): Դյոնմեների նկատմամբ նման ատելության պարագայում, իհարկե թուրքական հասարակության համար ցավագին պիտի լինի այն փաստի ընդունումը, որ իրենց նոր պետության հիմնադիրը և պատմության նոր փուլի աստված Աթաթուրքը՝ բոլոր թուրքերի հայրը, թուրք չէ: Ավելին, նա հրեաների շառավիղ հանդիսացող դյոնմե է: Նման պնդման համար կան բազում փաստեր ու փաստարկներ, որոնց մասին կխոսենք հաջորդ հոդվածում:

17 դեկտեմբերի, 2010թ.