Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընդամենը քաղաքական միջադեպ էր, ոչ ավելին: Ավելի կարևոր է քննարկել որոշ հիմնարար հարցեր. իսկ մեր ինչի՞ն է պետք ԱՄՆ-ի գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Եթե դա ինքնանպատակ է, ապա իմաստ չունի: Եթե դա արվում է հատուցումներ ստանալու նպատակով, ապա պիտի տրվի մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարցի պատասխանը. ինչպե՞ս խորհրդարանական բանաձևը, որ իր բնույթով կատարման համար ոչ պարտադիր է և ընդամենը մեկ ազգային օրենսդիր մարմնի կողմից դիրքորոշման արտահայտում է, պիտի փոխակերպվի հատուցման: Արդյո՞ք, երբ Կանադայի և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանություններն ընդունեցին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից փոխվեց Կանադայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Բնականաբար՝ ոչ: Ուրեմն, եթե մենք ուզում ենք արդար հատուցումների հասնել, իսկ դա ես համարում եմ միանգամայն օրինական ձգտում և իրականանալի նպատակ, ապա դա պիտի արվի մի մարմնի միջոցով, որի որոշումները. ա) բնույթով միջազգային են, այսինքն՝ գերակա են ճանաչվել նաև Թուրքիայի Հանրապետության կողմից; բ) կատարման համար պարտադիր են, այսինքն՝ ենթակա չեն Թուրքիայի ներպետական քննարկումների: Այսինքն, նման որոշումը ոչ միայն պարտադիր պիտի լինի, այլև իր մեջ պիտի նախանշի, թեկուզև զուտ տեսական առումով, լուծման հստակ ճանապարհը:

Արդի միջազգային հարաբերություններում այդպիսի կարգավիճակ և լիազորություններ ունեցող 2 մարմին կա, դա միևնույն մեկ կառույցի՝ ՄԱԿ-ի երկու բարձրագույն քաղաքական և իրավական մարմիններն են. Անվտանգության խորհուրդը (Security Council) և Արդարության միջազգային դատարանը (International Court of Justice): Առաջին մարմնի բուն պատասխանատվությունը (ՄԱԿ կանոնադրություն, հոդված 24; UN Charter, article 24) «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է» (maintenance of international peace and security): Չեմ կարծում, որ որևէ մեկը կարծում է, որ Թուրքիայի կողմից ՀՀ իրավունքների և տարածքային ամբողջականության 90-ամյա ոտնահարումը այսօր Անվտանգության խորհրդի որևէ անդամ կգնահատի որպես լուրջ վտանգ «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»: Մեզ հուզող հարցերը հստակորեն տեղավորվում են նշածս երկրորդ մարմնի՝ Արդարության միջազգային դատարանի լիազորությունների շրջանակի մեջ: Նշյալ դատարանն իրավասու է