Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԳ. Հայկական դիվանագիտություն.

ներկա – բացակա

Հայաստանը դեռ չի հստակեցրել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Գրեթե 20 տարվա պետություն ենք, բայց նոր ենք սկսել կոնկրետ հարցերի վերաբերյալ պետական դիրքորոշում ձևավորել: Վերջին ամենաակնհայտ խնդիրն առաջացավ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, երբ պարզորոշ երևաց, որ հստակ չգիտենք՝ ինչ ենք ուզում թուրքերից: Ըստ իս՝ առաջին հերթին պետք է հստակեցվի մեր պետության ռազմավարական ուղղությունը: Օրինակ՝ ներկայիս ղեկավարության համար առաջնային խնդիրը ղարաբաղյան հիմնահարցի լուծումն է: Բայց ես այդպես չեմ կարծում: Հարցի սրությամբ կարևորը ղարաբաղյան խնդիրն է, հարցի կարևորությամբ ու կենսական նշանակությամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Այս երկիրն ապագա չունի, քանի դեռ չենք լուծել մեր իրավունքների հողային ու գույքային հարցը՝ կապված թուրքերի հետ: Ցանկացած դեպքում առաջնայինը երկրի անվտանգությունն է, որի գնահատման 2 հիմնական չափորոշիչ կա.

  1. պետություն, որն ունի Հայաստանին կործանիչ հարված հասցնելու կարողություն,
  2. պետություն, որն ունի դա իրականացնելու քաղաքական կամք:

Ադրբեջանն ունի Հայաստանին պարտության մատնելու կամ ոչնչացնելու քաղաքական կամք, բայց չունի դա իրականացնելու կարողությունը, ինչքան էլ հոխորտա: Իրանն ունի այդ կարողությունը, բայց չունի ցանկություն. նրա շահերը դա չեն պահանջում: Վրաստանը ոչ կարողություն ունի, ոչ էլ՝ ցանկություն: Եւ միայն Թուրքիան է, որ և այդ կարողությունն ունի և քաղաքական կամքը: Հետևաբար մեզ համար որպես ամենամեծ սպառնալիք մնում է Թուրքիան: Այդ վտանգը չեզոքացնելու համար մենք պետք է ընտրենք իրավական ճանապարհը: Աշխարհը լսում է նրա ձայնը, ումն ավելի բարձր է: Երբ դու Թուրքիայի հետ մտնում ես քաղաքական պայքարի մեջ, ի սկզբանե պիտի հաշվարկես, որ քո ձայնն ավելի ցածր է լինելու: «Հայլուր»-ի ասածը դեռ ոչինչ չի նշանակում, այն դեպքում, երբ Թուրքիայում կա ողջ աշխարհում թուրքերեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվող «CNNTurk»: Դու ի՞նչ ունես դրան