Jump to content

Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և պահանջել, որ Թուրքիան ազատի ՀՀ-ի օկուպացված տարածքները: Եթե չի ազատում, միջնորդների օգնությամբ Թուրքիայի հետ մտնել երկկողմ բանակցությունների մեջ և ձևակերպել տարածքների վարձակալության պայմանագիր: Թուրքիան թող մեզ վճարի իր համախառն ներքին արտադրանքի (860 մլրդ) 1%-ը՝ տարեկան 8.6 մլրդ դոլար, մեզ այդ տարածքի վրա տա ազատ, անվճար տարանցիկության իրավունք և ապառազմականացնի այն: Մենք էլ այդ 8.6 մլրդը կծառայեցնենք Հայաստանի և Ղարաբաղի ծաղկմանը: Իսկ այդ տարանցիկությունն էլ կապահովի մեր ելքը դեպի ծով:

Հայերս Թուրքիայում ունենք 60-100 միլիարդի հասնող համայնքային սեփականություն. դպրոցներ, եկեղեցիներ, մշակութային օջախներ: Անկախ նրանից՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ, Վիլսոնի իրավարար վճիռ կա, թե չկա, դա հայկական գույք է, որն ապօրինաբար մեզանից բռնագրավվել է: Ամբողջ աշխարհը գնում և բռնագրավված գույքը ետ է ստանում: Օրինակ՝ Իսրայելը Լեհաստանից ստացավ գրեթե 4 մլրդ դոլար զուտ նրա պատճառով, որ գերմանացիների կողմից կոտորված հրեաների գույքը Լեհաստանը պետականացրել էր: Նմանապես և մեր դեպքում, տեղի է ունեցել մասնավոր գույքի անօրինական բռնագրավում, չի տրվել համարժեք փոխհատուցում: Կարելի համարժեք փոխհատուցման կարգով վարձակալում ձևակերպել: Հյուսիսային Կիպրոսում եղել են այդպիսի նախադեպեր: Պարզապես մասնագիտական նպատակամղված աշխատանքի կարիք կա: Ես լինեի պետության ղեկավար, կվարձեի այդ հարցով աշխարհի լավագույն մասնագետներից մի քանիսին կբերեի, գրասենյակ կհատկացնեի, կվճարեի ու կհանձնարարեի կազմակերպել այդ բռնագրավված գույքի փոխհատուցման կարգը: Հ1-ով էլ հայտարարություն կտայի, որ ովքեր ունեն գույքի սեփականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, թող ներկայացնեն: Այդ կերպ հնարավոր կլիներ Թուրքիայից պահանջել ու ստանալ փոխհատուցում:

Ղարաբաղյան բանակցություններում չէի ասի, թե դիրքերը զիջում ենք, բայց էական առաջընթաց էլ չկա: Պասիվություն ենք դրսևորում Բաքվի ու Սումգայիթի դեպքերը բարձրաձայնելու գործում: Մենք երբևէ աշխարհի պետայրերին չենք փորձել բացատրել, որ երբ դուք գնում եք Բաքու և ծաղիկներ դնում շահիդների ծառուղում, փաստորեն հարգանքի տուրք եք մատուցում ջարդարարներին: