Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբից էր: Ի դեպ կարակաշ խմբից էր նաև Մեհմեդ Ջավիդ բեյը, ով մինչև 1908թ.-ին Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար դառնալը Ֆեյզիյե դպրոցի տնօրենն էր:

Խիստ անհավանական է, որ Մուստաֆան [հետագայում՝ Քեմալ և Աթաթուրք], թուրք լինելով հանդերձ, հաճախեր դյոնմեների դպրոց: Օսմանյան հասարակությունը, ինչպես արդեն նշել ենք, համայնքային կառուցվածք ուներ և այդ տարանջատումը բծախնդրորեն պահպանվում էր: Ուստի, ամեն համայնքի ընտանիք իր զավակներին ուղարկում էր միայն ի՛ր համայնքի դպրոցը: Օրինակ, չնայած Օսմանյան կայսրությունում գործող հարյուրավոր դպրոցների մեջ կային առնվազն մի քանի բարձր կրթություն ապահովող հայկական դպրոցներ, մենք չունենք անգամ մի եզակի վկայություն, որ որևէ թուրքական ընտանիքի զավակ երբևէ հաճախել է այդ հայկական դպրոցներից մեկը: Եթե մինչևիսկ ընդունենք, որ Ալի Ռիզան՝ Քեմալի հայրը, խիստ առաջադեմ էր, իսկ նման եզրակացության համար մենք որևէ հիմք չունենք, և սաստիկ ուզում էր իր զավակին եվրոպական կրթություն տալ, ինչպես հիմա փորձում են ներկայացնել ոմանք, ապա Սալոնիկում այդ ժամանակ արդեն կային ավելի հարմար ֆրանսիական և իտալական դպրոցներ:

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ դյոնմե համայնքը խիստ ինքնամփոփ համայնք էր: Որևէ օտարի մուտք այդ համայնք բացառված էր: Դյոնմեների վարքականոնը պահանջում էր, որ նրանք խուսափեն այլ մուսուլմանների հետ հարաբերություններից: Այսինքն, եթե Մուստաֆան դյոնմե չէր, ապա նրա հաճախելը դյոնմեների դպրոց անընդունելի կլիներ և՛ ուղղահավատ մուսուլմանների, և՛ դյոնմեների համար:

Պետք է նաև հիշել, որ Օսմանյան կայսրության դպրոցները չունեին մեկ միասնական կրթական ծրագիր, և երեխաներն իրենց համայնքային դպրոցներում ոչ միայն կրթություն էին ստանում, այլև ազգային/կրոնական դաստիարակություն: Պետք է նշել, որ Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև այլուր այդ տարիներին, ժամանակակից առումով աշխահիկ դպրոցներ չկային: Բոլոր դպրոցներն էլ, ինչքան էլ առաջադիմական համարվեին, ներառում էին կրոնական կրթության տարրեր: Դասերը մեծ մասամբ սկսում էին տվյալ կրոնի կամ հարանվանության հիմնական աղոթքով: Ինչպես նշում են հարցի լավագույն ուսումնասիրողները «Շեմսի էֆենդու դպրոցում շարունակում էին սովորեցնել և կիրառել դյոնմեների