Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իտալա-թուրքական պատերազմին: Իթամար Բեն-Ավին (1882-1943) «արդի եբրայերենի հայր» Էլիզեր Բեն-Յահուդայի (Eliezer BenYahuda) որդին էր, նոր ժամանակներում եբրայերենով խոսել սկսած առաջին երեխան: Նա հետևյալ մեջբերումն է անում Մուստաֆա Քեմալի խոսքերից. «Տանը ես Վենետիկում տպագրված մի շատ հին Թանախ ունեմ և, եթե ճիշտ եմ հիշում, հայրս ինձ ուղարկեց Կարայիտ ուսուցչի մոտ, որն էլ ինձ սովորեցրեց այն կարդալ. որոշ բառեր դեռ մեջս են մնացել … Այդ պահին նա մի պահ լռեց, և նրա աչքերը [այնպիսի արտահայտություն ստացան կարծես] ինչ-որ բան էր որոնում օդի մեջ: Հետո, նույնքան անսպասելիորեն, հիշեց. “Շըմա Յիսրոէյլ, ադոյնոյ էլոյհեյնու, ադոյնոյ էհոդ ”: “Դա մեր մեծագույն աղոթքն է, պարո՛ն կապիտան”: “Նաև իմ գաղտնի աղոթքն է, սիրելի՛ պարոն”, – պատասխանեց նա և երկուսիս էլ խմիչք լցրեց»:

Ոմանք, առավելաբար առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, կասկածի են ենթարկել սույն վկայությունը: Որպես հիմնական կռվան նրանք նշում են, որ կապիտան Քեմալը իտալաթուրքական պատերազմին (18 դեկտեմբերի, 1911թ. – 24 հոկտեմբերի, 1912թ.) մասնակցելու համար ծովով է Ստամբուլից հասել Ալեքսանդրիա (Եգիպտոս), հետևաբար այդ ժամանակ չի եղել Երուսաղեմում: Սա փաստերի աղավաղում է, եթե ոչ՝ նենգափոխում: Փաստերն անհերքելիորեն վկայում են, որ Քեմալը ցամաքային ճանապարհով է գնացել Լիբիա և անցել է Սիրիայի և Պաղեստինի միջով: Ահա թե ինչ է գրում բրիտանացի հետախույզ և միջինարևելյան հարցերին լավատեղյակ Հարըլդ Արմսթրոնգը. «Բացի Սիրիայի և Եգիպտոսի վրայով անցնող երկար ճանապարհից, Թուրքիան կտրված էր Հյուսիսային Աֆրիկայից: Իտալացիները վերահսկում էին ծովը և փակել էին Դարդանելը: (...) Երկու ընկերների հետ Մուստաֆա Քեմալը բռնեց ցամաքային ճանապարհը: Նրանք ճանապարհորդեցին Փոքր Ասիայի վրայով, ապա Սիրիայով և Պաղեստինով ներքև, օգտվելով երկաթուղուց, որտեղ այն կար, իսկ մնացածն անցնելով ձի հեծած կամ սայլով»:

Միանգամայն անտրամաբանական է կարծել, որ Իթամար ԲենԱվին իր հուշերում սուտ պատմություն է հորինել, քանի որ անհասկանալի է մնում դրդապատճառը: Բեն-Ավին իր հուշերը գրելիս մինչևիսկ չգիտեր՝ իր հուշագրությունը կտպագրի երբևէ, թե՝ ոչ: Նա մահացել է 1943թ., իսկ հուշագրությունը տպագրվել է 1961թ.-ին, և երկար ժամանակ վերոհիշյալ հատվածն աննկատ է մնացել: