Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԸ. Սահմանի և ինքնիշխանության մասին կամ

Եվս մի հստակեցման անհրաժեշտություն

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, փետրվարի 27-ից մարտի 5-ն
ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական
հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից
հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի արդյունքում
արձանագրվել է ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայություն, 5 մարտի, 2011թ.

Դիվանագետի, քաղաքական գործչի կամ պետական կառույցի համար բառը աշխատանքի հիմնական միջոցներից է: Նրանք բառի միջոցով են ձևակերպում իրենց շահերը, բառերի միջոցով են փոխանցում իրենց ուղերձը հասարակությանը: Ըստ այդմ, այստեղ անփութությունը կամ սխալ ձևակերպումներն անընդունելի են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն համարում է անկախ պետություն: Թող այդպես լինի, թեև ես, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանի և Անկախության հռչակագրի մեջ ամրագրված դրույթները, այն համարում եմ Հայաստանի Հանրապետության մաս: Սակայն խոսքը հիմա դրա մասին չէ: Երկու դեպքում էլ պաշտոնական հաղորդագրությունները պետք է ունենան այլ ձևակերպումներ, քան այսօր են: Եթե ԼՂՀ-ն անկախ երկիր է կամ ՀՀ մաս, ուրեմն այն Ադրբեջանի հետ ունի ոչ թե շփման գիծ, այլ պետական սահման: Հետևաբար, Ադրբեջանի կրակոցները ԼՂՀ ուղղությամբ ոչ թե «հակամարտ զորքերի շփման գծում» հրադադարի ռեժիմի խախտումներ են, այլ հրադադարի ռեժիմի խախտման միջոցով հարձակումներ ԼՂՀ պետական սահմանի վրա: Հիշենք, որ ըստ միջազգային իրավունքի «սահմանն այն գիծն է, որով զատորոշված է պետությունների կամ միջազգային կագավիճակ ունեցող այլ միավորների իրավասության տարածքային ընդգրկումը»:

Այսինքն, երբ գործածում ենք «հարձակում սահմանի վրա» ձևակերպումը, մենք շեշտում ենք, որ ԼՂՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունն ունեն տարբեր ինքնիշխանություններ, այսինքն՝ տարբեր պետություններ են: Իսկ երբ գործածում ենք «հակամարտ ուժերի կամ զորքերի շփման գիծ» ձևակերպումը, ապա ընդունում ենք, որ գծի երկու կողմերում միևնույն