Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցում ի հայտ եկան լուրջ խնդիրներ: Այդ ժամանակ կողմերն առաջ էին քաշում իրարամերժ հավակնություններ: Օրինակ, քանի որ Թիֆլիսը համարվեց վրացական քաղաք, ապա անհասկանալի տրամաբանությամբ վրացիները սկսեցին հավակնություններ ցուցաբերել Թիֆլիսի ողջ նահանգի նկատմամբ: Նույնը Ադրբեջանը. քանի որ Ելիզավետպոլը (Գանձակը) համարվեց ադրբեջանական քաղաք, ապա Ադրբեջանը սկսեց հավակնել Ելիզավետպոլի նահանգի ողջ տարածքի վրա: Հարկ է նշել, որ Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի իրավասությունների շրջանակում էր նոր պետությունների ճանաչման հարցը, մերժեց այս մոտեցումը: Այսինքն, մերժեց նորաստեղծ պետությունների սահմանները նույնականացնել Ռուսական կայսրության վարչական սահմանների հետ: Ավելին, քանի դեռ կար Ռուսաստանում օրինական իշխանության վերահաստատման հույսը, միջազգային հանրությունը մերժում էր ընդհանրապես այս երկրների ճանաչումը: Միայն 1920թ. հունվարին Փարիզի խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրները՝ սահմանների հստակեցման հարցը թողնելով հետագային: Ճանաչումից մի ամիս հետո՝ 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այնտեղ մասնավորապես ասված էր հետևյալը.


«Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:

Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու