Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առավել տարօրինակ է և կատարելապես հիմնազուրկ նախկին ԼՂԻՄ-ի հարակից տարածքներն անվանել «Ադրբեջանի տարածքներ» (territories of Azerbaijan): Կարծում եմ, որ Համանախագահները որպես բարձրաստիճան և փորձառու դիվանագետներ ինձանից ավելի լավ գիտեն, որ միջազգային իրավունքի մեջ ցանկացած տարածքի իրավատիրություն (legal possession) որոշվում է տվյալ տարածքի տիտղոսով (title to territory) և ոչ թե՝ վարչական կառավարմամբ: Եթե նրանք, կամ թեկուզև որևէ մեկը, կարողանա վկայակոչել մի որևէ միջազգային օրինական փաստաթուղթ (international legal document), կրկնում եմ՝ միջազգային, կրկնում եմ՝ օրինական փաստաթուղթ, և ոչ թե կուսակցական որոշում, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս տարածքի թեկուզև մի թիզ հողակտորի վրա երբևէ ճանաչված է եղել Ադրբեջանի Հանրապետության տիտղոսը, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ իմ անտեղյակության համար: Իսկ եթե դա չարվի, ուրեմն ճիշտը ես եմ և որևէ մեկը, առավել ևս միջնորդ մարմինը, իրավունք չունի գործածելու չհիմնավորված ձևակերպումներ:

Հարց կարող է առաջանալ. իսկ ի՞նչ ձևակերպում պիտի գործածվի: Կարծում եմ՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից տարածք»: Առանց «Ադրբեջան» տեղանվանման, քանի որ ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ ինքավար մարզ է եղել, որը միջնորդավորված ենթակայություն է ունեցել երկրի իշխանություններին, այսինքն՝ վարչական կառավարման է ենթարկվել ԽՍՀՄ մեկ այլ վարչատարածքային միավորի միջոցով: Հիշեցնեմ, որ ԽՍՀՄ ունեցել է քառաստիճան վարչատարածքային բաժանում և, անկախ տվյալ վարչատարածքային միավորի աստիճանակարգից, բոլոր միավորներն էլ ունեցել են միևնույն տիտղոսը: Այդ բոլոր միավորների վրա ճանաչված է եղել միայն մի ինքնիշխանություն (sovereignty), այն է՝ ԽՍՀՄ ինքնիշխանությունը:

Շեշտեմ նաև, որ ստալինյան վարչատարածքային բաժանումը չի կարող օրինական հիմք հանդիսանալ պետությունների սահմանազատման (delimitation) համար, քանի որ միջազգային իրավունքը հստակ է. հանցագործությունը չի կարող իրավունքի հիմք հանդիսանալ (Ex injuria jus non oritur): Մոռացկոտներին հիշեցնեմ նաև, որ Համանախագահներին լիազորություններով օժտած նույն ԵԱՀԿ-ն (իր խորհրդարանական վեհաժողովի 2009թ. հուլիսին 3-ի «Պառակտված Եվրոպան միավորվեց» բանաձևով, (Resolution