Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քացիների ազատ տեղաշարժով»: Արդյո՞ք Ադրբեջանը, 24.09.1993թ. միանալով ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, կատարել է իր պարտավորությունները: Ակնհայտորեն՝ ոչ: Այդ օրվանից առ այսօր հայ-ադրբեջանական սահմանը փակ է մնում և չկա քաղաքացիների ազատ տեղաշարժ: Արդյո՞ք, չկատարելով իր պարտավորությունները, Ադրբեջանը կարող է ունենալ օրինական հիմք՝ ակնկալելու, որ պարտադիր կարող է համարվել միևնույն համաձայնագրի պարտավորությունների միայն մի մասը: Իհարկե՝ ոչ: Կրկնում եմ՝ պարտավորությունները մեկ ամբողջականություն են և փոխկապակցված: Կամ ինչպես Իլֆն ու Պետրովն էին ասում իրենց հերոսի բերանով. «Утром деньги, вечером стулья, вечером деньги, утром стулья.»:

Կա մի կարևոր հանգամանք ևս: Երբ 18.02.1992թ. Հայաստանը միացավ քննարկվող փաստաթղթին, Ադրբեջանը դեռևս մաս չէր կազմում այդ փաստաթղթին: Ադրբեջանը ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին է միացել Հայաստանից 19 ամիս հետո՝ 1993թ. սեպտեմբերի 24-ին: Այսինքն, Հայաստանը «տարածքային ամբողջականության հարգում և սահմանների անձեռնամխելիության ճանաչում» պարտավորությունը, այն էլ որոշակի հանգամանքներով պայմանավորված, ստանձնել է միայն փաստաթղթին տվյալ պահին մաս հանդիսացող երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, և Ուզբեկստանի, նկատմամբ:

Եվ վերջապես ամենակարևորը: Ի՞նչ կապ ունի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հանրահավաքներ, հանրաքվեներ, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրել է բռնի ուժը, խաղաղ բնակչության դեմ ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկել է ոչ համարժեք պատժիչ գործողություններ, կազմակերպել է Ադրբեջանական ՍՍՀ հայ բնակիչների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), քաղաքացիական բնակչության նկատմամբ, վարձկանների օգտագործմամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն), սանձազերծել է անողոք պատերազմ ու խայտառակ պարտություն է կրել, որի հետևանքով կորցրել է վերահսկողությունն իր կողմից իրենը համարող տարածքի մի մասի նկատմամբ, ապա դա բնավ կապ չունի վերոհիշյալ՝ տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության դրույթների հետ: Հիշյալ դրույթները գործում են