Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

միջպետական հարթությունում և բնավ խոչընդոտ չեն ինքնորոշվող հանրության սեփական ճակատագիրն ըստ իր հայեցողության տնօրինելու իրավունքի կենսագործման համար:

Ավելին, Ադրբեջանի վերոհիշյալ գործողությունները պատմության մեջ մտան ոչ միայն որպես անպատիժ մնացած հանցագործություններ, այլև մնալու են որպես խարան միջազգային հանրության քաղաքական խղճի վրա, որը ոչինչ չարեց բնաջնջումից փրկելու Արցախի խաղաղ բնակչությանը: Միթե՞ Բենգազիում ապրող մարդկանց արյունն ավելի կարմիր է, քան Ստեփանակերտում կամ Հադրութում ու Մարտակերտում ապրողներինը: Ո՞վ պիտի հաստատեր ոչ թռիչքային գոտին մանկապարտեզներն ու դպրոցները ռմբակոծող ադրբեջանական օդանավերի դեմ: Ո՞վ պիտի իրականացներ մարդասիրական միջամտությունը (humanitarian intervention)՝ փրկելու համար տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը: Դա չարեց միջազգային հանրությունը հավաքաբար և ողջ ծանրությունը մնաց այդ հանրության միայն մեկ անդամի՝ Հայաստանի Հանրապետության, ուսերին: Հասել է պահը, որ միջազգային հանրությունը արժեվորի ՀՀ մարդասիրական միջամտությունը և լիարժեքորեն հատուցի վերջինիս կրած մարդկային և նյութական կորուստների համար:

2. Со-председатели Минской конференции являются не только посредниками. Они руководят переговорным процессом. (Artur, Armenia Today) [Մինսկի կոնֆերանսի համանախագահները ոչ միայն միջնորդներ են հանդիսանում: Նրանք ղեկավարում են բանակցային գործընթացը]:

Ղեկավարել առաջին հերթին նշանակում է որոշումներ կայացնել: Եթե ղեկավարել ասելով սա ենք հասկանում, ապա նման բան չկա: Մինսկի խմբի համանախագահների իրավասությունները հստակորեն սահմանված են համապատասխան մանդատով [տե՛ս՝ Mandate of the Co-Chairmen of the Conference on Nagorno-Karabakh under the auspices of OSCE “Minsk Group”, Vienna, 23 March 1995, DOC.525/95]: Հիշյալ փաստաթղթի 15 կետերից և ոչ մեկով նրանց «բանակցությունները ղեկավարելու» մանդատ չի տրված: Ըստ այդմ, մանդատն օգտագործում է համապատասխան բառապաշար՝ համատեղ ջանքեր գործադրել, զարգացնել միասնական հիմք, աջակցել, զեկուցել, համատեղ այցելել և այլն (make joint efforts, develop a common basis, assist, report, visit jointly, etc.):

Հետո, սկզբուքորեն չի կարող լինել նման բան: ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածը հստակորեն ամրագում է վեճերի խաղաղ կարգավորման ձևերը, իսկ միջազգային իրավունքը հստակեցնում է