Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺԲ. Մարդու իրավունքների, պետքարտուղարության

զեկույցի և մեր ապագայի մասին

Օրերս հրապարակվեց ԱՄՆ պետնախարարության՝ Հայաստանի մասով Մարդու իրավունքների զեկույցը՝ 63 էջ: Ի դեպ, Թուրքիայի մասն ընդամենը 46 էջ է, որը նշանակում է, որ ավելի քիչ բան կար գրելու: Սա այն դեպքն է, որ ինչքան քիչ գրեն, այնքան լավ: Ընդհանուր ակնարկը ցույց է տալիս, որ ամերիկացիների գրածը ճիշտ է: Գուցե ուրիշներն այլ շեշտադրումներ անեին, քան ամերիկացիները, այսուհանդերձ զեկույցի փաստական մասը և գնահատականները ճիշտ են: Հիմա ոմանք դեմքերին նորից զարմանքի արտահայտություն են տվել: Ինչո՞ւ: Ի՞նչ է, մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում մեր իրավապահ համակարգում, բանակում, խոսքի ազատության ոլորտում կամ գործարարության դաշտում: Մենք ամերիկացիներից ավելի լավ գիտեինք և գիտենք, պարզապես նրանց խոսքն ավելի ծանրակշիռ է և բնականաբար ազդեցությունն ավելի զորեղ: Սա իրողություն է, որը ժամանակակից աշխարհում որևէ իշխանություն չի կարող անտեսել:

Հիմա ուզում եմ անդրադառնալ որոշ հարակից հարցերի, որոնք էական են հենց զեկույցի ընկալման համար: Ձայներ են հնչում, որ որևէ պետություն իրավունք չունի միջամտելու այլ պետության ներքին գործերին: Համաձայն եմ, սակայն մարդու իրավունքները վաղուց արդեն պետությունների ներքին գործը չեն: Ներկայումս մարդու իրավունքերն ունեն համաշխարհային ընդգրկում և բնույթ: Պատահական չէ, որ այդ իրավունքները կոչվում են մարդու համընդհանուր իրավունքներ (Universal Human Rights): Բացի այդ, գրեթե բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, ստորագրել են մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ կոնվենցիաներ, ըստ այդմ իրենց պարտավորություններին տվել են իրավական ձևակերպումներ և ստանձնել են անսակարկ հանձնառություններ: Եթե երկրներ էլ կան, որ չեն ստորագրել նման փաստաթղթեր, թեև ես նման բան չեմ հիշում, միևնույն է, բոլորն են պարտավոր դրանք հարգել, քանի որ մարդու իրավունքները հարգելու նորմն արդեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է (jus cogens): Մյուս առարկության ձևն էլ այն է, որ սկսում են մեր երկիրը համեմատել հարևանների հետ կամ ընդհանրապես համեմատու-