Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուններ անել տարբեր երկրների միջև: Նախ, մարդու իրավունքները հարաբերական չեն, այլ բացարձակ արժեք են: Հետո, եթե ոմանց թվում է, որ մեզ խիստ են մոտենում և, եթե դա ճիշտ է, ուրեմն պետք է բողոքել ոչ թե խստության դեմ, այլ պահանջել, որ նույն խստությունը պահպանվի այլ երկրների նկատմամբ ևս:

Հիմա ամենակարևորի մասին: Ցավոք մեզանում չկա այն ընկալումը, որ մարդու իրավունքների հարցը Հայաստանի համար, գուցեև ի տարբերություն շատ այլ երկրների, կենսական կարևորության հարց է: Պարզաբանեմ միտքս: Օրինակ, վստահաբար Սոմալիում կամ Չադում մարդու իրավունքերի վիճակն ավելի վատ է: Սակայն մեր և նրանց միջև կա հսկայական տարբերություն, քանզի մեր առջև ծառացած խնդիրներն են ուրիշ: Նշածս երկրները կարող են մի 50 տարի ևս այս վիճակում գոյատևել այն հույսով, որ ի վերջո հետո լավ կլինի: Մենք այդ 50 տարին չունենք: Մենք 30 տարի էլ չունենք: Մեր երկիրն արագորեն մարդաթափ է լինում, կա բնակչության ծերացում, սաստկանում է բնակչության և կապիտալի արտահոսքը երկրից, ծայրահեղորեն մաշված են ենթակառուցվածքային բոլոր համակարգերը, խորանում է իշխանությունների նկատմամբ անվստահությունը, մարդիկ խորթանում են սեփական երկրից և այլն, և այլն: Քսան տարվա ընթացքում մենք արդեն սպառել ենք մեր ժառանգությունը: Գտնվելով նման աշխարհաքաղաքական վիճակում, ինչի մեջ ենք մենք և լինելով փաստացի պատերազմի վիճակում, այս ամենը կարող է ճակատագրական լինել ոչ միայն մեր պետության ապագայի, այլև հայ ժողովրդի հավաքական գոյության համար: Կան բազմաթիվ բռնապետական երկրներ, որոնք նավթ ու գազ ծախելով կարող են երկիր պահել: Մենք դրա հնարավորությունը չունենք: Մեր միակ ուղին օրենքի գերակայության և անխախտ ժողովրդավարության միջոցով մարդկանց և կապիտալի ներհոսքի ապահովումն է երկիր: Մարդկանց ստեղծագործ գործարարության բացահայտման համար պայմանների ստեղծումը: Այդ դեպքում գուցեև կկարողանանք դիամակայել ահագնացող վտանգներին: Սակայն քանի դեռ մեր իշխանությունները և ընդհանրապես հասարակությունը մարդու իրավունքերի պահպանումը չի ընկալել որպես կենսապահովման միջոց և երկրի կառավարման ամենաարդյունավետ ձև, այլ արևմտյան թիթիզություն կամ մութ ուժերի կողմից մեր դեմ պարզած դագանակ, մենք չենք կարողանա ապահովել առաջընթաց: