Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաղի զգալի մասը, պիտի մաս կազմեին Հայաստանի Հանրապետությանը: Սակայն առանց այդ երկրամասում հայկական զորքերի առկայության արդյո՞ք այդ որշումն ի կատար ածվեց:

Ներկայումս, հաշվի առնելով հետևանքները, կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Անդրանիկի արարքի հանդեպ: Սակայն հիշենք ժամանակի իրավիճակը և համեմատենք ներկա իրավիճակի հետ. ա) Ադրբեջանի հիմնական դաշնակիցը և քաղաքական տատմերը՝ Թուրքիան, պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: բ) Ադրբեջանը, թեև հռչակել էր իր գոյությունը, սակայն այն գոյություն չուներ ոչ de facto, քանի որ չուներ արդյունավետ վերահսկում քիչ թե շատ նշանակալից որևէ տարածքի վրա և ոչ էլ de jure, քանի որ չուներ որևէ երկրի ճանաչում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Օսմանյան ճանաչումը տվյալ պահին չուներ իրավական հետևանք, քանի որ սույն կայսրությունն ինքն անվերապահ կապիտուլյացիայի հետևանքով (30.10.1918թ.) դադարել էր միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց: գ) Միջազգային հանրությունը հակամարտությունների լուծման հիմք միանշանակորեն ընդունում էր ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որն առաջ էր քաշվել ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից իր հայտնի 14-կետանոց ուղերձի (Fourteen Points) մեջ 08.01.1918թ.: Այս անվիճելի սկզբունքն էր դրված բոլոր զինադադարների և նոր պետությունների սահմանների հիմքում: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Ի դեպ, Ազգերի լիգայի՝ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը 24.02.1920թ. հայվրացական և հայ-ադրբեջանական սահմանների մասով վերահաստատեց այս դիրքորոշումը: դ) Դաշնակից ուժերն Հարավային Կովկասում, ի սատարումն իրենց խոսքերի, ունեին 23 հազարանոց ուժեղ զորաբանակ: Այսօր իրավիճակը բնավ այդպես չէ: Խոսվում է խաղաղապահների մասին, որոնք, ըստ վերջին տասնամյակների դառն փորձի, ի վիճակի չեն եղել իրենց իսկ պաշտպանել կամ կատարել ստանձնած առաքելությունը Բալկաններում կամ Ռուանդայում:

Այս համեմատությունները կարելի է դեռ շարունակել և, ցավոք, դրանք չեն լինելու հօգուտ մեր ժամանակների: Տեսնենք՝ ի՞նչ ունենք հիմա, կամ ի՞նչ են մեզ առաջարկում: Առաջարկում են զորքերը դուրս բերել մեր իսկ երկրից (կասկածողներին խորհուրդ կտամ կարդալ Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի զեկույց-առաջարկը)՝ դիմացը խոստանալով համոզել Ադրբեջանին չսկսել պատերազմ, գոնե մի քանի տարի: Իհարկե, պատերազմը բնավ ցանկալի զարգացում չէ: