Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսինքն, առ այն որ նորաստեղծ պետությունը չի հանդիսանում նախորդ պետության իրավահաջորդը, բնավ չի ազատում տարածքի հաջորդ իրավատեր երկրին տարածքի նախորդ իրավատիրոջ պարտավորություններից: Այսպես, ՌՍՖՍՀ (հետագայում նաև ՍՍՀՄ-ը) կամ Թուրքիան ամեն կերպ ժխտում էին համապատասխանաբար Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության իրավահաջորդը լինելը, սակայն, քանի որ նրանք երկուսն էլ ժառանգել էին իրենց նախորդող երկրների տարածքների հիմնական մասը, միջազգային հանրության կողմից համարվում էին նշյալ երկրների իրավահաջորդ երկրներ, և դա բազմիցս ամրագրված է միջպետական փաստաթղթերով, դատական վճիռներով ու միջազգային պրակտիկայով: Օրինակ, 2 երկրներն էլ տեր կանգնեցին իրենց նախորդների անշարժ գույքին արտասահմանում կամ ստանձնեցին և վճարեցին նախորդների պարտքերը:

Հիմա անդրադառնանք հարցի առաջին մասին՝ ՀՍՍՀ նկատմամբ ներկայիս ՀՀ իրավահաջորդությանը:

Հայաստանի ներկայիս Հանարապետությունը չի հանդիսանում ՀՍՍՀ իրավահաջորդը, ինչն անհիմն կերպով պնդում են ոմանք, այն պարզ պատճառով, որ «[պետությունների] իրավահաջորդություն կարող է տեղի ունենալ միայն միջազգային իրավունքի առնվազն երկու սուբյեկտների (ենթակաների) միջև:» ([State] succession can only take place between at least two subjects of international law.)

Ակնհայտ է, որ ՀՍՍՀ երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ ոչ միայն և ոչ այնքան այն պատճառով, որ այն երբևէ ճանաչված չի եղել արդեն օրինական ճանաչում ունեցող որևէ այլ պետության կողմից, այլև որովհետև երբևէ չի բավարարել պետականության 4 չափորոշիչներից և ոչ մեկին, որոնք ամրագրված են Մոնտեվիդեոյի (1933թ.) կոնվենցիայի մեջ: Այն է՝ ա) ՀՍՍՀ չի ունեցել բնակչություն (ՀՍՍՀ-ում բնակվողները եղել են ՍՍՀՄ քաղաքացիներ), բ) ՀՍՍՀ չի ունեցել տարածք (եղածը ՍՍՀՄ տարածք էր), գ) ՀՍՍՀ չի ունեցել կառավարություն (եղածը ՍՍՀՄ կառավարության ստորաբաժանում էր) և դ) ՀՍՍՀ չի ունեցել օտար պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն, քանի որ չի ունեցել այդ երկրներում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ:

ՍՍՀՄ-ը եղել է դաշնակցային (ֆեդերատիվ) պետություն, այսինքն՝ բաղկացած որոշակի ներքին ինքնավարությամբ օժտված մի շարք վարչատարածքային միավորներից (տվյալ պարագայում՝