Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մուտք գործել Լոզանի պայմանագրով (24.07.1923թ.): Պայմանագրի նախաբանի մեջ, որտեղ շարադրված են պայմանագրի նպատակները, առաջին իսկ պարբերությամբ խոսվում է 1914թ.-ից տարածաշրջանում ընթացող պատերազմական վիճակին վերջ տալու համատեղ ցանկության մասին: (Being united in the desire to a final close the state of war which has existed in the East since 1914.): Երկրորդ պարբերությամբ խոսվում է բարեկամության և առևտրական հարաբերությունների վերահաստատման ձգտման մասին: (Being anxious to re-establish the relations of friendship and commerce...).

Ակնհայտ է, որ Թուրքիայի Հանրապետությունը կարող էր ստորագրել Օսմանյան կայսրության հայտարարած, սկսած և վարած պատերազմին վերջ տալու պայմանագիրը միայն այն դեպքում, եթե ինքը և պայմանագրի մյուս մասնակիցները (Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան, Հունաստանը) աներկբայորեն ընդունում էին Օսմանյան կայսրությանը՝ Թուրքիայի Հանրապետության իրավահաջորդ լինելը: Միջազգային իրավունքն այդ հարցում միանշանակ է. ամեն մի պետություն միջազգային հարաբերությունների մեջ կարող է մտնել, այդ թվում նաև՝ պայմանագրեր կնքել, միմիայն ի՛ր անունից: Այս դրույթն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի օրենքի վերաբերյալ 1969թ. կոնվենցիայի (Vienna Convention on Law of Treaties, 1969) 34-րդ հոդվածում: Լոզանի պայմանագրի վերոնշյալ 2-րդ պարբերությունը խոսում է հարաբերությունների ոչ թե հաստատման, այլ վերահաստատման մասին: Այսինքն՝ ամրագրում է պետությունների նույնականությունն ու շարունակականությունը: Նույն՝ Լոզանի պայմանագրի, 1-ին հոդվածը խոսում է պաշտոնական հարաբերությունների վերահաստատման և ոչ թե՝ հաստատման մասին: (Official relations will be resumed on both sides...).

Բացի վերոշարադրյալից, Թուրքիայի Հանրապետությունը Լոզանի պայմանագրով պայմանավորվող կողմերի հետ համաձայնությունների է եկել մի շարք հարցերի շուրջ, հստակեցրել որոշ տարածքների իրավական կարագավիճակը՝ հիմք ընդունելով Օսմանյան կայսրության կնքած պայմանագրերը: Մասնավորապես, պայմանագրի 12-րդ հոդվածով Թուրքիայի Հանրապետությունը հաստատում է (confirm) միջերկրածովյան մի խումբ կղզիների կարգավիճակը՝ հիմնվելով Լոնդոնի կոնֆերանսի 1914թ. փետրվարի 13-ի որոշման, Լոնդոնի 1913թ. մայիսի 17-30-ի պայմանագրի և Աթենքի 1913թ. նոյեմբերի 1-14-ի պայմանագրի վրա: Եթե Թուրքիայի