Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հանրապետությունը չհանդիսանար Օսմանյան կայսրության շարունակությունը, ապա բոլոր նշյալ հարցերը պետք է կարգավորվեին առանձին, նոր պայմանագրերով: Թուրքիայի Հանրապետությունն իրավասու չէր հաստատելու կամ մերժելու որևէ պայմանագրի կամ համաձայնության որևէ դրույթ, որին ինքը մաս չի կազմել: Նույնը վերաբերում է Լոզանի պայմանագրի 14-22-րդ հոդվածներում քննարկված ինքնիշխանության հարցերին և տարածքային պատկանելության հստակեցումներին: Նաև Լոզանի պայմանագրի 99-րդ հոդվածում թվարկվել են բոլոր այն պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք Լոզանի պայմանագրի հետ միաժամանակ կրկին անգամ (ուշադրություն դարձրեք՝ կրկին անգամ) ուժի մեջ են մտելու (shall enter again into force), քանի որ Օսմանյան կայսրությանը պատերազմի հայտարարումով դրանք դադարեցրել էին իրենց լիազորությունները: Լոզանի պայմանագրի 2-րդ բաժինն ամբողջությամբ (1-ին բաժինը վերաբերում է Օսմանյան հանրային պարտքին (Ottoman Public Dept), իսկ 2-րդ բաժինն՝ այլ ֆինանսական հարցերի) Օսմանյան կայսություն-Թուրքիայի Հանրապետություն իրավահաջորդության աներկբա ապացույց է: Ի դեպ, Թուրքիայի Հանրապետությունը ստանձնել է Օսմանյան պարտքը և այն կարողացել է մարել միայն 1944թ. հունիսին:

Այսու, ամփոփելով Լոզանի պայմանագրին առնչվող մասը, կարելի է լիովին համաձայնել միջազգային իրավունքի մեծագույն մասնագետներից Յան Բրոունլիի (Ian Brownlie) եզրակացությանն առ այն, որ Թուրքիան որպես քաղաքական նոր միավոր, ըստ Լոզանի պայմանագրի դրույթների, նույնական է Օսմանյան կայսրության հետ: (Turkey as a new political entity was held to be identical with the Ottoman Empire in provisions of the Treaty of Lausanne.)

Լոզանում, բացի Խաղաղության պայմանագրից, նույն օրը կնքվել են նաև մի շարք այլ միջպետական փաստաթղթեր, որոնք դարձյալ վկայում են թուրքական կայսրության և հանրապետության իրավահաջորդության և շարունակականության մասին: Մասնավորապես, Համաներման հռչակագրով և արձանագրությամբ (Amnesty Declaration, and Protocol) Թուրքիայի Հանրապետությունը ներում է շնորհել Թուրքիայի բնակիչներին՝ 1914թ. օգոստոսի 1-ից մինչև 1922թ. նոյեմբերի 20-ը ժամանակահատվածում կատարած տարաբնույթ հանցանքների համար: Բնականաբար Թուրքիայի Հանրապետությունը ներում կարող էր շնորհել Օսմանյան կայսրության հպատակներին