Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺԷ. Ցեղասպանությունների ժխտման

քրեականացման մասին

Իմ երիտասարդության տարիներին մի խոսք կար՝ դանիական կուտ ուտել, այսինքն՝ կամավորապես ստանձնել ուրիշի համար ձեռնտու դիրքորոշում: Ճիշտն ասած՝ առ այսօր չգիտեմ՝ ինչո՞ւ էր կոչվում հատկապես դանիական: Բայց, որ այսօր որոշ մարդիկ կերել են թուրքական կուտը, դա ակնհայտ է: Իսկ ի՞նչ է թուրքական կուտը, դա ես արդեն գիտեմ, քանի որ Ֆրանսիայի Ազգային ժողովի վերջին քննարկումների առիթով ոմանք, մինչևիսկ հայեր, գրում էին և են, որ ցեղասպանությունների հանրային ժխտման քրեականացումը սխալ է, քանզի սահմանափակում է ազատ խոսքը, ինքնուրույն կարծիք ունենալու իրավունքը: Այդ ո՞ր օրվանից հանցագործության պաշտպանությունը դարձավ «խոսքի ազատություն» կամ «կարծիք ունենալ»: Գնացե՛ք, օրինակ, Կանադա և հանրայնորեն «կարծիք արտահայտեք» որ, օրինակ, սևամորթները կամ հայերը փնթի են կամ ալարկոտ: Գիտեք, չէ՞, ձեզ ինչ կանեն «ատելություն հրահրելու» (hate speech) համար. կհայտնվեք բանտում կամ կկրեք այլ պատիժ: Գերմանիայում ասե՛ք, որ Հիտլերն իր պատճառներն ուներ հրեաներին կոտորելու համար: Մի՛ ժխտեք Հոլոքոստը, այլ պարզապես փորձեք որոշակի արդարացում-հիմնավորում բերել դրա համար: Հետևանքները, կարծում եմ, ինձանից լավ գիտեք: Բա ո՞ւր մնաց «խոսքի ազատությունը»: Թե՞ որոշ մարդիկ կարծում են, որ հայերս ավելի ժողովրդավար ենք, քան կանադացիք կամ գերմանացիք:

Ընթացիկ երևույթները հասկանալու համար անհրաժեշտ է ընդգծել մի շարք կարևոր հանգամանքներ. ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն: Այն ծանրագույն հանցագործություն է, ինչպես բնութագրում են իրավագետները՝ «հանցագործությունների հանացագործությունը» (crime of the crimes), քանզի իր մեջ պարունակում է մի շարք ծանրագույն հանցագործություններ՝ սպանություն, բռնաբարություն, մանկապղծություն, ստրկավաճառություն, մարդուն ապօրինի ազատությունից զրկում, ուրիշի ունեցվածքի յուրացում կամ փչացում, մշակութային արժեքների ոչնչացում կամ յուրացում և այլն: Ըստ էության, այս հանցագործությունն իր մեջ ներառում է քրեական ողջ օրենսգիրքը: Հետևաբար, ցեղասպանության