Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանրայնորեն ժխտումը հանցագործությունն արդարացնելու փորձ է, ըստ էության, հանցագործության խրախուսում է, իսկ դա արդեն ոչ միայն հանցակցություն է, այլև հանցագործություն: Կրկնում եմ, ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի մասին լինեն տարբեր կարծիքներ, այն հանցագործություն է, իսկ հանցագործությունն ունի միայն մեկ վերաբերմունք՝ դա պատիժն է, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում՝ դատապարտումը, որոնց նպատակներից է հանցագործության կանխարգելումը: Ոչինչ չի խրախուսում ոճրագործին և դրդում նրան նույն արարքը կրկնելու, որքան անպատիժ մնացած հանցագործությունը:

Ես վերը գրել էի. «ցեղասպանությունը, այդ թվում և հատկապես հայերի, զուտ պատմական անցք չէ, անցյալի իրադարձություն:» Ինչո՞ւ «հատկապես հայերի»: Շատ պարզ պատճառով, որովհետև հայերի ցեղասպանությունը միակ ցեղասպանությունն է, որը դեռ շարունակվում է, քանի որ սույն հանցագործության հետևանքներն ունեն շարունակական բնույթ: Բացատրեմ միտքս. բոլոր նախորդ ցեղասպանության մեղավորները այս կամ այն կերպ պատժվել են, զոհերը մասնակի կամ ամբողջական հատուցումներ են ստացել և դեռ ստանում են, այսինքն ցեղասպանության հետևանքները որոշակիորեն հաղթահարվել են: Հայերի ցեղասպանությունը միակն է, երբ ոչ միայն հանցագործները միջազգայնորեն պատժված կամ գոնե դատապարտված չեն (հայերի կողմից իրականացված արդարահատույց գործողությունները չեն կարող դիտարկվել որպես միջազգային), այլև ցեղասպանությունն ընթացքի մեջ է, քանի որ շարունակվում են ցեղասպանության հետևանքները: Հայաստանն այսօր շրջափակելի է դարձել ցեղասպանության պատճառով, ՀՀ-ն ցեղասպանության հետևանքով է կորցրել իր տարածքների զգալի մասը, հետևաբար կորցրել է զարգացման համար այդքան անհրաժեշտ ելքը դեպի ծով և կենսատարածքը, ինչպես նաև դարձել է ռազմականապես շատ ավելի խոցելի: ՀՀ քաղաքացիների զգալի մասն այսօր վատ է ապրում: Դրա համար կան բազում պատճառներ՝ այդ թվում բազմաթիվ ներքին: Բայց էական են, եթե ոչ վճռորոշ, արտաքին պատճառները: Իսկ արտաքին պատճառներից կարևորագույնը Հայոց ցեղասպանության մնայուն հետևանքներն են: Հետևաբար, քանի դեռ ցեղասպանության հետևանքները վերացված չեն, ՀՀ քաղաքացիները չեն կարող ունենալ ապահով և բարեկեցիկ կյանք: Իհարկե լավ կառավարման միջոցով կարելի է հասնել որոշա-