Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կի բարելավման, սակայն դա կլինի խիստ սահմանափակ, անկայուն և խոցելի: Մնացած տարաբնույթ խոսակցությունները կամ իշխանության գալու խաբեպատիր քարոզ են կամ ազնիվ ինքնախաբեություն: Երկրի հզորությունը, հետևաբար քաղաքացիների բարեկեցությունը, խիստ նյութական հասկացություն է և խարսխվում է նույնքան նյութական հասկացությունների վրա: Իհարկե կառավարման ձևը հույժ կարևոր է, անգամ ունի առօրյա նշանակություն, առանց որի հնարավոր չէ բնականոն կյանքը: Այն նման է թթխմորի, առանց որի չես կարող որակյալ հանապազօրյա հացդ ունենալ: Սակայն եթե չունես ցորեն կամ այն հողը, որի վրա պիտի աճեցնես ցորենը, թթխմորը դառնում է արագ փչացող ճոխություն:

Պետք է հասկանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը կամ ժխտման քրեականացումը Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը նպատակաուղղած քայլեր են: Առավել ևս տվյալ պարագայում, երբ Ֆրանսիայում առաջին անգամ փորձ է արվում Հայոց ցեղասպանությունը դնել Հոլոքոստի հետ նույն հարթության վրա՝ այդտեղից բխող բոլոր իրավական հետևանքներով:

22 դեկտեմբերի, 2011թ.