Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺԸ. Չինգիզ խանից մինչև Ֆյոդոր Մարտենս կամ

Ինչո՞ւ ամեն կոտորած դեռևս մարդկայնության դեմ

հանցանք չէ, առավել ևս՝ ցեղասպանություն

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտման օրենսգծի ընդունումից հետո ավելի հաճախադեպ դարձավ մինչ այդ էլ հնչող այն միտքը, որ՝ եթե հայերի կոտորածները պետք է որակել որպես ցեղասպանություն, ապա ինչո՞ւ դա չի կարելի անել, ասենք, ամերիկյան հնդկացիների ոչնչացման կամ Չինգիզ խանի կոտորածների համար: Առաջին հայացքից տրամաբանական, բայց միանգամայն հիմնազուրկ պնդում:

Ցանկացած հասարակության մեջ որևէ արարք կարող է համարվել հանցանք, եթե տվյալ արարքը ոտնահարում է հասարակության կողմից ամրագրված այնպիսի հիմնադրույթ, որի ոտնահարումը տվյալ հասարակարգը որակել է որպես հանցագործություն: Ակներև է, որ միևնույն արարքը մի հասարակության մեջ կարող է դիտարկվել որպես հանցանք և պատժվել, օրինակ՝ ոգելից խմիչքի գործածումը Սաուդյան Արաբիայում, բայց միանգամայն օրինական, անգամ համատարած լինել, մեկ այլ հասարակության մեջ, օրինակ՝ Ռուսաստանում: Կամ, միևնույն արարքը կարող է օրինական լինել տվյալ հասարակության զարգացման որևէ ժամանակահատվածում, բայց կատարելապես անօրինական լինել մեկ այլ փուլում, օրինակ՝ ստրկատիրությունը և ստրկավաճառությունը Միացյալ Նահանգներում կամ նացիստական գաղափարախոսությունը Գերմանիայում: Հետևաբար, հանցագործություն հասկացությունը փոփոխական է ժամանակի և տարածության մեջ: Եթե խիստ պարզեցնենք հարցը և ներկայացնենք, օրինակ, քրեական իրավունքի տեսանկյունից, ապա կարող ենք ասել հետևյալը. եթե քրեական օրենսգրքում չկա տվյալ արարքին վերաբերող և այն որակող ու պատիժ նախատեսող հոդված, ապա տվյալ արարքն այդ հասարակության համար տվյալ ժամանակահատվածում հանցագործություն չէ: Նույն դրույթը սկզբունքորեն վերաբերում է նաև միջազգային հարաբերություններին և միջազգային իրավունքին:

Հնուց ի վեր պատերազմների ժամանակ խաղաղ բնակչության կոտորածները կամ այլ ձևով ոչնչացումը գրեթե համատարած է եղել: Դարեր շարունակ, ցավոք սրտի, բնական է ընկալվել ռազմագերինե-