Այս էջը սրբագրված է
2. Հայկական հարցի լուծման հրամայականը
Առանց հայկական հարցի լուծման հայոց պետականությունը կմնա քաղաքականապես անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես կախյալ և հոգեբանորեն վեհերոտ: Հարցականի տակ կդրվի հայոց պետականության ինքնին իմաստը, քանի որ այն կունենա զուտ ձևական բնույթ և չի լուծի պետականության հիմնական խնդիրները.
- Պետության ինքնիշխանության և այդ պետության քաղաքացիների անվտանգության ապահովում,
- Երկրի տնտեսական զարգացման և այդ երկրի քաղաքացիների բարեկեցության համար նպաստավոր պայմանների ստեղծում;
- Նախորդ երկուսի հենքի վրա՝ այսինքն՝ ապահով և բարեկեցիկ երկրի մեջ, ազգային ինքնության և մշակույթի զարգացում:
Ընդսմին, Հայկական հարցի լուծումը կենսական կարևորություն ունի ոչ միայն հայոց պետականության համար, այլև սեփական հայրենիքում որպես հավաքական հանրություն ապրելու հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար:
3. Հայկական հարցի լուծման հրատապությունը
Այսօր ՀՀ առջև ծառացել են լուրջ մարտահրավերներ, առանց որոնք հաղթահարելու երկիրը չի կարող հասնել կայուն կենսապահովման: Հայկական հարցի որոշակի լուծումը հնարավորություն կտա.
- Չեզոքացնել կամ թերևս ՀՀ քաղաքական կամքից լուրջ կախվածության մեջ դնել, մեր երկիրը շրջանցել ու մեկուսացնել ձգտող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են. Բաքու-ԹբիլիսիՋեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին:
- Նվազագույնի հասցնել Թուրքիայի բացասական ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ և ստիպել նրան առավելապես կենտրոնանալ սեփական խնդիրների վրա:
- Առանց քաղաքական կամ այլ զիջումների բացել, այսպես կոչված, հայ թուրքական սահմանը: Ապահովել Տրապիզոն նավահանգստի և դեպի այն տանող ճանապարհի օգտագործումն անվճար կամ արտոնյալ սակագներով:
- Հայ-վրացական հարաբերություններին հաղորդել նոր բնույթ: Համարժեք լծակի միջոցով դուրս բերել Հայաստանը բեռնափոխադրումների հարցում Վրաստանից ունեցած միակողմանի