Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ը. Կրկին Հայաստանի Հանրապետության

սահմանների և Լեռնային Ղարաբաղի

ինքնորոշման մասին

Միջազգային իրավունքում սահման տերմինը բնորոշում է այն գիծը, որը որոշում է պետության կամ մեկ այլ միջազգային կարգավիճակ ունեցող միավորի իրավասության տարածքային ոլորտի վերջնագիծը:

Ավելի պարզ ասած՝ սահմանում է այն գիծը, մինչև ուր գործում են տվյալ պետության օրենքները, իսկ դրանից անդին գործում են անպայմանորեն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող մեկ այլ պետական միավորի օրենքները: Այստեղից ակնհայտ է, որ սահմանն ածանցվում է պետականությունից, այսինքն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչված լինելուց: Անվիճելի է, որ այսօր գործող Մինսկի խմբի եռանախագահության երկրներից և ոչ մեկը՝ ներառյալ՝ ԱՄՆ և Ֆրանսիան, նախկին Սովետական Միության մեջ ընդգրկված և ոչ մի վարչական միավոր երբեք չեն ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Հետևաբար այդ միավորների վարչական բաժանարար գծերը միջազգային իրավունքի առումով երբեք չեն ունեցել սահմանի կարգավիճակ, որպեսզի այսօր հիմք լիներ խոսելու սահմանների անձեռնմխելիության մասին: Առավել ևս սա վերաբերում է բոլոր այն վարչական միավորների (ինքնավար հանրապետություններ, մարզեր և օկրուգներ) և սովետական սոցիալիստական հանրապետությունների բաժանարար գծերին, որոնց վարչական ենթակայության տակ էին գտնվում տվյալ միավորները: Միմիայն՝ վարչական ենթակայության: Անհրաժեշտ է ընդգծել, որ ԽՍՀՄ ինքնավար միավորները մաս էին կազմում միասնական և մեկ միջազգային ինքնություն (international personality) ունեցող ԽՍՀՄ-ին և բնավ ոչ այն հանրապետություններին, որոնց միջոցով նրանց ենթակայությունը միջնորդավորված էր պետությանը: Պետությունը մեկն էր՝ ԽՍՀՄ: Ինչպես, օրինակ, ՀՀ ցանկացած բնակավայր այսօր մաս է կազմում Հայաստանի Հանրապետությանը, թեև նրա ենթակայությունը միջնորդավորված է մարզային ենթակայությամբ:

Այսու, միջազգային իրավունքի տեսանկյունից անհեթեթ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սահմանափակել ԼՂԻՄ-ի, այսպես կոչված, սահմանով: Սա նշանակում է ստալինյան