Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կոնֆերանսի Առաջին արձանագրության առդիր Հռչակագիրը (13 մարտի, 1871թ.) (The Declaration annexed to the First Protocol of the London Conference, 13 March 1871), որին մաս են կազմել 7 երկիր, այդ թվում նաև Թուրքիան, միանշանակորեն հռչակում է. «Ազգերի իրավունքի էական սկզբունքն է, որ ոչ մի երկիր իրեն չի կարող ձերբազատել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի բոլոր մասնակիցների բարեհաճ համաձայնությունը»:

Այսու, Հայաստանի Հանրապետությունը, բռնազավթված լինելու պատճառով, չի մասնակցել Լոզանի կոնֆերանսին և չի ստորագրել այդ պայմանագիրը: Ըստ այդմ, Լոզանի պայմանագիրը որևէ իրավական պարտավորություն չի ստեղծել և չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը:

Մյուս հարցը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, այն մոլորությունն է՝ իբր Լոզանի պայմանագիրը չեղյալ է հայտարարել Սևրի պայմանագիրը: Քննություն չբռնող և միանգամայն հիմնազուրկ տեսակետ: Վիեննայի Պայմանագրերի մասին կոնվենցիան (Vienna Convention on the Law of Treaties, 1969), որի մեջ ամրագրված է դարեր ի վեր միջազգային իրավունքում գործող ընթացակարգը, շատ հստակ է պայմանագրերի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ: Մասնավորապես, նշյալ կոնվենցիայի 59-րդ հոդվածի 2-րդ կետը միանշանակորեն ամրագրում է. «Ավելի վաղ կնքված պայմանագրի գործունեությունը կհամարվի դադարեցված միայն այն դեպքում, եթե դա ակնհայտ է ավելի ուշ կնքված պայմանագրից կամ մեկ այլ ձևով հավաստվում է, որ այդպիսին է եղել կողմերի մտադրությունը»:

Լոզանի պայմանագրից ոչ միայն ակնհայտ չէ, որ կողմերը մտադիր էին չեղյալ հայտարարել Սևրի պայմանագիրը, այլև Լոզանի պայմանագրում ընդհանրապես հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին: Ավելի պարզ ասած՝ պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել ոչ այլ կերպ, եթե ոչ պայմանագիրը կնքած կողմերի, անհրաժեշտ է շեշտել՝ բոլոր կողմերի, դրա մասին միանշանակ հայտարարումով: Միջազգային իրավունքի էական սկզբունքներից է, որ ոչ մի պետություն չի կարող ձերբազատվել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի մյուս պայմանավորվող բոլոր կողմերի հստակ համաձայնությունը: