Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լոզանի պայմանագրի ստորագրողները (24 հուլիսի, 1923 թ.): Հայաստանի Հանրապետությունը մասն չէր այդ պայմանագրին՝ բռնազավթված լինելու պատճառով...

Բերենք մի պարզ, բայց խոսուն օրինակ: Մյունխենի (1938թ.) պայմանագրով Սուդեթը (Sudetenland) Չեխոսլովակիայից անցել էր Գերմանիային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուդեթը վերադարձվել էր Չեխոսլովակիային: Սակայն, չնայած պարտված Գերմանիայի կնքած բազմաթիվ ու բազմաբնույթ պայմանագրերին, Մյունխենի պայմանագիրը չեղյալ չէր հայտարարվել և, հետևաբար, այն մնում էր ուժի մեջ: Եւ միայն 1973թ. դեկտեմբերին Արևմտյան Գերմանիան, որպես Երրորդ Ռայխի իրավահաջորդ, պայմանագիր կնքեց Չեխոսլովակիայի հետ, որով կողմերը չեղյալ հայտարարեցին իրենց 1938թ. կնքած պայմանագիրը:

Թեև, Սևրի պայմանագրի առումով մենք չեն կարող ասել, որ այն ուժի մեջ է, քանի որ վավերացման գործընթացի թերի մնալու պատճառով այն ի սկզբանե չի մտել ուժի մեջ, այսուհանդերձ սխալ է նաև այն պնդումը, որ Լոզանը չեղյալ է հայտարարել Սևրը: Լոզանը չէր կարող դա անել, քանի որ նշյալ պայմանագիրը և՛ իր բնույթով, և՛ ստորագրողների շրջանակով էապես տարբերվում է Սևրի պայմանագրից: Այսինքն, ներկայումս Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի վավերական փաստաթուղթ է, որը բանակցվել և ստորագրվել է օրինական ընթացակարգի համաձայն, սակայն ուժի մեջ չի մտել (valid but not in force): Եթե պատկերացնենք անհնարինը, ասենք՝ Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները վավերացնեն այն, ապա այն օրինապես կմտնի ուժի մեջ:

Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ Սևրի պայմանագրի անկատար լինելը (unperfected treaty), ինչպես միջազգային իրավունքում կոչվում են չվավերացված պայմանագրերը, չի խաթարում ՀՀ իրավունքները, քանի որ Թուրքիայի պարտավորությունները ՀՀ նկատմամբ բխում են ոչ թե Սևրի պայմանագրից, այլ այդ պայմանագրից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից (22 նոյեմբերի, 1920թ.):