Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գային երաշխիքների ներքո, մշտապես պետք է բաց լինի բոլոր երկրների նավերի և առևտրի համար»:

Թեև Վիլսոնի ուղերձում առանձնանշված չէ որևէ երկիր, այսուհանդերձ, անտարակույս, ԱՄՆ նախագահի ուղերձը վերաբերում էր նաև Հայաստանին: Վիլսոնը սույն ուղերձի վրա, իր խորհրդական, գնդապետ Էդվարդ Հաուզի (Edward House) հետ միասին, աշխատել է 1918թ. հունվարի 4-ին, 5-ին և 7-ին: Այդ մասին վկայված է նախագահի խորհրդականի օրագրի մեջ: Ահա թե ինչ է արձանագրում Հաուզը 1918թ. հունվարի 7-ին. «Երբ գրվել էր Թուրքիային վերաբերող պարբերությունը, նախագահը մտածեց, որ այն պետք է դարձնել ավելի հստակ, որ Հայաստանը, Միջագետքը, Սիրիան և այլ մասերը պետք է նշվեն անուններով: Ես չհամաձայնեցի սրա հետ, հավատացած լինելով, որ այն ինչ ասված է բավարար է ցույց տալու համար դա, և ի վերջո ամեն ինչ մնաց այնպես, ինչպես ձևակերպված էր սկզբում»:

Ի լրումն և ի հաստատումն այս վկայության, վերոհիշյալ ուղերձի պաշտոնական մեկնաբանության մեջ (“Official American Commentary on the Fourteen Points”), հղված Փարիզի խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակությանը (30 հոկտեմբերի, 1918թ.), նախագահ Վիլսոնը, անդրադառնալով իր ծրագրային ուղերձի 12-րդ կետին, տալիս է իր պատկերացումները Թուրքիայի ապագայի և նախնական դիրքորոշումը՝ Հայաստանի սահմանների վերաբերյալ. «Հայաստանին պետք է տրվի նավահանգիստ Միջերկրականի ծովափում, և հաստատվի հովանավորող ուժ: Ֆրանսիան կարող է հավակնել դրան, սակայն հայերը կնախընտրեն Մեծ Բրիտանիան»: Իր հերթին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հանձնարարականը, գնդապետ Հաուզը, ով նաև Փարիզի Խաղաղության վեհաժողովում ԱՄՆ պաշտոնական պատվիրակության ղեկավարն էր, գրում է. «Մերձավոր արևելքում նախագահ Վիլսոնի նպատակն էր Կոնստանտինոպոլսի համար ապահովել միջազգային վերահսկողություն, Անատոլիան տալ թուրքերին և ստեղծել անկախ Հայաստան»:

Հայերին թուրքական լծից ազատագրված տեսնելու իր այս ձգտումը նախագահ Վիլսոնը վերահաստատել է Հռոմի Բենեդիկտոս XV պապին 1918թ. դեկտեմբերի 26-ին գրած նամակում. «Վստահեցնում եմ Ձեզ, որ խոսում եմ ոչ միայն իմ, այլև ողջ ամերիկյան ժողովրդի անունից, երբ ասում եմ, որ ոչ մի այլ ժողովրդի տառապանք այդքան խորապես չի խռովել ամերիկացիներին, որքան