Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԱ. Կարսի պայմանագիրն ու

Հայաստանի Սովետական Սոցիալիստական

Հանրապետության իրավական կարգավիճակն

ըստ միջազգային իրավունքի

Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.) հույժ կարևոր նշանակություն
ունի մերօրյա հայոց պետականության համար: Ոմանց թյուրըմբռնումների և
տասնամյակներ տևած նենգափոխումների պատճառով այսօր տիրում է այն
սխալ տեսակետը, որ, իբր, Կարսի պայմանագիրն է որոշում, այսպես կոչված,
հայ-թուրքական սահմանը: Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ փաստաթղթի քննումն ակնհայտ է դարձնում, որ այն երբեք չի ունեցել և չունի իրավական ուժ, հետևաբար չի ստեղծում պարտավորություններ կողմերի համար:

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ՀՍՍՀ) իրավական կարգավիճակի և Կարսի պայմանագրի (13.10.1921թ.) օրինականության և իրավականության (legitimacy and legality) հարցերը սերտորեն շաղկապված են: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: Այսինքն, պայմանագրի օրինականության և իրավականության համար ա նհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ: Այս տեսանկյունից էլ անդրադառնանք Կարսի պայմանագիրը կնքած կողմերից մեկի՝ ՀՍՍՀ-ի, ինչպես նաև Հայաստանի անունից պայմանագիրը ստորագրողների, կարգավիճակներին, դրանց իրավական հետևանքներին կամ հետևանքների բացակայությանը:

ՀՍՍՀ գոյությունը, հետևաբար դրա իրավական կարգավիճակը, բաժանվում է 2 ժամանակահատվածի.

ա) 1920թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1922թ. դեկտեմբերի 30-ը, «ՀՍՍՀ» կոչված տարածքի առանձին, բայց ոչ անկախ գոյության, ժամանակահատված և

բ) 1922թ. դեկտեմբերի 30-ից մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ը, Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության կազմում «ՀՍՍՀ» վարչատարածքային միավորի գոյության ժամանակահատված: