Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կինցյանի, լիազորությունը խարսխված էր ոչ թե օրինական իշխանության, այլ երկիրը բռնազավթած օտարերկրյա բանակի քաղաքական ղեկավարության կամքի վրա և իրականացվում էր պարտադրանքի տակ: Դա է փաստում նաև այն իրողությունը, որ նման քաղաքական պարտադրանքի պարտավորությունը մինչ այդ ամրագրվել էր Մոսկվայի բոլշևիկ-քեմալական 16.03.1921թ.-ի պայմանագրի 15-րդ հոդվածում: Պատմական անվիճելի փաստ է, որ ՀՀ-ն բռնազավթվել էր 24.08.1920թ.-ին կնքված ռազմական դաշնագրով նախատեսված բոլշևիկ-քեմալական գործողությունների հետևանքով, և այդ միասնական ուժով Հայաստանում իշխանության էր բերվել անթաքույց խամաճիկային վարչախումբ: Այս առումով միջազգային իրավունքը միանշանակ է. զավթիչ ուժի և նրա կողմից իշխանության բերված խամաճիկային կառավարության միջև (a puppet government) կնքած որևէ պայմանագիր կամ բռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանքազուրկ է (are not effective): Ավելին, երկրի համար ընդհանրապես իրավական հետևանք չի կարող առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով:

Խիստ խնդրահարույց է նաև Կարսի պայմանագրի օրինապես վավերացված լինելու հարցը: Ըստ պայմանագրի 20-րդ հոդվածի՝ պայմանագիրը, կնքված Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև, ենթակա էր վավերացման: Սակայն մեզ չի հաջողվել տպագիր աղբյուրներում գտնել հիշատակում ՀՍՍՀ որևէ կառույցի կողմից Կարսի պայմանագրին պաշտոնական անդրադարձած, առավել ևս՝ վավերացրած, լինելու մասին: Կարսի պայմանագրի վերաբերյալ սովետական աղբյուրները նշում են միմիայն վավերագրերի փոխանակման մասին (Երևան, 11.09.1922թ.), սակայն չեն նշում Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի կողմից պայմանագրի վավերացման մասին: Օտար աղբյուրները նշում են, որ Կարսի պայմանագիրը վավերացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից (16.03.1922թ., օրենք #207) և, ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ ՌՍՖՍՀ-ի կողմից: Եթե սա իրողություն է, ապա, ըստ այդմ, Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր նաև վավերացման գործընթացի կոպիտ խախտման պատճառով: Ըստ միջազգային իրավունքի հստակ է. յուրաքանչյուր երկիր կարող է որևէ պայմանագիր վավերացնել միմիայն իր անունից և իր համար ու չի կարող դա անել ուրիշի փոխարեն: