Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գային անբեկանելի պարտավորություն: Անհրաժեշտ է ընդգծել, որ իրավունքի մեջ հիմնարար օրենքի խմբին են դասվում սահմանադրությունները կամ դրանց հավասարեցված իրավական փաստաթղթերը:

Քանի որ սույն հոդվածի նպատակներից դուրս է քննել Լոզանի պայմանագրով ամրագրված ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ հայերի, բոլոր իրավունքները, ուստի մենք կանդրադառնանք միայն խնդրո առարկային՝ ազգային փոքրամասնությունների կրոնական ազատություններին և նրանց կրոնական կառույցների նկատմամբ Թուրքիայի պարտավորություններին:

Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի երկրորդ մասով Թուրքիայի բոլոր բնակիչներին մասնավոր կամ հանրային կյանքում տրվում է հավատքի, կրոնի կամ դավանանքի ազատություն (All inhabitants of Turkey shall be entitled to free exercise, whether in public or private, of any creed, religion or belief): Իսկ պայմանագրի 40-րդ հոդվածով նրանց տրվում է կրոնական հաստատություններ հիմնելու, գործածելու և վերահսկելու իրավունք:

Ավելին, Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասով «Թուրքական կառավարությունը պարտավորվում է լիակատար պահպանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները»: Բնականաբար «լիակատար պահպանությունն» իր մեջ ներառում է ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավիրելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հետևաբար, սբ. Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը ոչ թե «բարի կամքի դրսևորում» է, այլ Թուրքիայի կողմից հիմնարար օրենքի կարգավիճակով ստանձնած միջազգային պարտավորությունների խիստ թերի և ուշացած կատարում՝ որոշակի քաղաքական շահարկման նկատառումով:

Հիմա ամենահետաքրքրականը: Իսկ ովքե՞ր են եղել և մնում Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման երաշխավորները: Լոզանի պայմանագրի 44 հոդվածի 1-ին մասը նշում է. «Թուրքիան համաձայնվում է, որ Թուրքիայի ոչ մուսուլմաններին վերաբերող սույն բաժնի նախորդող հոդվածները հանդիսանում են միջազգային պարտավորություններ և դրանց կատարումը պետք է երաշխավորվի Ազգերի լիգայի կողմից»: Հատուկ պարտականություններ են դրվում Ազգերի լիգայի