Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հռչակագիրը խարսխված է Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի, Փարիզի ուխտի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքների վրա, ուստի «սահմանների անձեռնմխելիություն» հասկացությունը պետք է մեկնաբանվի ըստ այդ փաստաթղթերի: Իսկ այդ փաստաթղթերում խոսքը բնավ էլ չի գնում սահմանների բացարձակ անձեռնմխելիության մասին, այլ «ուժի կամ ուժի սպառնալիքի» կիրառմամբ դրանց փոփոխելիության անընդունելիության մասին: ԵՄ երկրները խնդրո առարկա Հռչակագրով, հաշվի առնելով, որ ԽՍՀՄ կազմալուծումով առաջանում էր իրավական վակուում, մինչև անկախացող երկրների կողմից վերոհիշյալ հիմնարար փաստաթղթերի ստորագրումը, այդ փաստաթղթերի երաշխիքները տարածում էին անկախացող երկրների վրա, որպեսզի վերջիններիս զերծ պահեին արտաքին զինված հարձակումներից: Օրինակ, Աֆղանստանը չհարձակվեր Թուրքմենստանի վրա, կամ Ֆինլանդիան՝ Ռուսաստանի: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ «սահման» ասածն այն է, ինչ սովետական իրականության մեջ հիշատակվում էր և ամրագրված էր օրենքով որպես «պետական սահման» (государственная граница): Այսինքն, կար սովետաթուրքական սահման և չկար հայ-թուրքական սահման, կար սովետալեհական սահման և չկար բելառուս-լեհական սահման: Հետևաբար չկար, միջազգային իրավունքի առումով և ոչ թե կենցաղային ընկալմամբ, հայ-ադրբեջանական սահման, կամ բելառուս-ռուսական սահման:

Ամփոփելով Եվրամիության կողմից նախկին սովետական և արևելաեվրոպական մի շարք երկրների ճանաչման ուղենիշների քննությունը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

  1. Փաստաթղթի հիմքն ինքնորոշման սկզբունքն է, որը չի սահմանափակված միայն կամ որևէ միութենական հանրապետությունով կամ վարչական այլ միավորով:
  2. Հաջորդականության սկզբունքի կիրառմամբ օրենքի իշխանությանը, ժողովրդավարությանը և մարդկային իրավունքներին մնացած բոլոր սկզբունքների նկատմամբ տրվել է առաջնային կարգավիճակ:
  3. Որպես երկրորդ հիմնական սկզբունք Հռչակագիրը վկայակոչում է էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխիքը:
  4. Ուղենիշների մեջ չկա ճանաչվող կազմավորումների սահմանների բացարձակ անձեռնմխելիության սկզբունք, այլ՝ հարգանք այդ