Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Վրաստանի պետական անկախության վերականգնման ակտով» (09.04.1991թ.), որն էլ վկայակոչման ճանապարհով ներառված է Վրաստանի գործող սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասում:

Հիմա անդրադառնանք երրորդ հարցին. Միջազգային հանրության լիազոր կառույցների առաջարկին Հարավային Կովկասի սահմանների վերաբերյալ:

Հարավային Կովկասի երկրների փոխադարձ սահմանների, ինչպես նաև ՀՀ և Թուրքիայի սահմանի, հարցերը քննության առարկա են դարձել Փարիզի խաղաղության վեհաժողովում (1919-1920թթ.): Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների վերաբերյալ համապատասխան զեկույց է ընդունել Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովը: Սույն հանձաժողովի զեկույցի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Բրիտանական կայսրության, Իտալիայի և Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները: Այս զեկույցը, որը թվագրված է 24 փետրվարի, 1920թ.-ով և վերնագրված է «Զեկույց և առաջարկներ՝ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» հստակեցրել և ամրագրել է ՀՀ սահմանազատման սկզբունքները նրա հյուսիսային հարևանների հետ: Այն մասնավորապես արձանագրում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»:

Հույժ կարևոր է, որ նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920թ.) (Arbitral Award, November 22, 1920) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ (Full Report, Annex I, No2), որը վկայում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են նշյալ փաստաթղթի իրավական էությունն ու օրինականությունը: