Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԵ. Հայ-թուրքական հարաբերություններ.

հիմնախնդիրներ և հեռանկարներ

/ելույթ ՀՀ Ազգային ժողովի լսումների ժամանակ/

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բախտորոշ ճամփաբաժանի առջև: Մեր հետագա քայլերից է կախված, թե մեզ համար ինչպիսին կլինեն առաջիկա տարիները՝ կորուստների, թե ձեռքբերումների: Մեր առջև ծառացել է առկա մարտահրավերները չեզոքացնելու և դրանք դրականորեն հեղաշրջելու հրամայականը:

Քանի որ ՀՀ-ի, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է, և դեռ զիջելու է, Թուրքիայի ու Ադրբեջանի ընդհանուր ներուժին, ուստի անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

Այսինքն, անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխել իրավական դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական լուծումներ և ձևակերպումներ:

Ըստ այդմ, իմ ելույթը վերաբերելու է մեր լսումների հարցաշարում ընդգրկված երկու հիմնահարցի և դրանց քննությանն ըստ միջազգային իրավունքի.

  1. Հայ-թուրքական իրավապայմանագրային հարաբերություններին;
  2. Հայ-թուրքական իրավական (de jure) սահմանին:

Նախ ի՞նչ բան է միջազգային պայմանագիրը:

Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի երկրորդ հոդվածը «պայմանագիր» հասկացությունը բնորոշում է հետևյալ կերպ. «Պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր կերպով կնքված և միջազգային իրավունքով կառավարվող միջազգային համաձայնություն»: Իսկ ըստ ՄԱԿ-ի Միջազգային հանրային իրավունքի ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»: Այսինքն, պայմանագրի օրինականության համար