Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն՝ մեր դեպքում լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ և նրա գործունեությունը առնվազն չհակասի միջազգային իրավունքին:

Այս տեսանկյունից էլ ժամանակագրական կարգով անդրադառնանք բոլոր այն 5 պայմանագրերին, որոնք վերաբերում են հայթուրքական սահմանին, հստակեցնենք իրավապայմանագրային վիճակը և որոշենք այդ պայմանագրերից յուրաքանչյուրի կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո մինչև խաղաղության վերջնական հաստատումը Միջին արևելքում, այսինքն՝ 1918-1923թթ., հայ-թուրքական սահմանին վերաբերող կնքված պայմանագրերը հետևյալներն են. Սևրի պայմանագիրը (10.VIII.1920թ.), Ալեքսանդրապոլի պայմանագիրը (03.XII.1920թ.), Մոսկվայի պայմանագիրը (16.III.1921թ.), Կարսի պայմանագիրը (13.X.1921թ.) և Լոզանի պայմանագիրը (24.VII.1923թ.): Այս շարքից երկուսին՝ Մոսկվայի պայմանագրին և Լոզանի պայմանագրին, Հայաստանը մաս չի կազմել, հետևաբար Հայաստանի համար դրանք սկզբունքորեն չեն կարող ստեղծել իրավական հետևանքներ, սակայն հաշվի առնելով, որ այդ պայմանագրերը վերաբերում են նաև հայ-թուրքական սահմանին, կամ գոնե այդպես են մտածում շատերը, ապա կանդրադառնանք նաև դրանց:

  1. Ժամանակագրական առումով առաջին պայմանագիրը Սևրի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. օգոստոսի 10-ին:

Քանի որ սույն պայմանագրի մասին ավելի հանգամանալից խոսելու ենք մեր զեկույցի վերջում, ուստի առայժմ ընդամենը մի քանի խոսք: Սևրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերն իրենց երկրների օրինական և ճանաչված իշխանություններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ սահմանված կարգի, ընթացել են երկարատև բանակցություններ, և Օսմանյան կայսրության անունից պայմանագիրը ստորագրել է լիազոր պատվիրակությունը: Սևրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վավերացման (հետևաբար մնում է ոչ կատարյալ (unperfected), սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել (հետևաբար մնում է օրինական փաստաթուղթ, որը ուժի մեջ չի մտել (legal document not in force):