Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ. փետրվարի 1-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով: Մինչև 1924թ. տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները, չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից: բ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին.

Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության վերաբերյալ վերն ասվածն ամբողջովին վերաբերում է, այսպես կոչված, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականներն իրենք որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչվող կառույցի նախագահության՝ այսպես կոչված «կառավարության» անունից: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 1921թ. իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO) և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նախկին պաշտոնյաներ միավորող կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, սակայն նրանցից և ոչ մեկը չի հանդիսացել և չի հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար իրավունք չունի միջպետական պայմանագիր կնքել երկրի անունից: Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ.-ի նոյեմբերը, այսինքն սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, համաձայն Օսմանյան կայսրության գործող սահմանադրության, վերջինիս կառավարությանն էին վերապահված միջազգային հարաբերությունների մեջ մտնելու լիազորությունները, միայն սուլթանը կարող էր լիազորել որևէ անձի՝ գործելու երկրի անունից:

Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որ է երկրի օրինական իշ-