Այս էջը հաստատված է
Մեռնող արևի ցոլքերում քնքուշ,
Խաղաղ երազով դաշտերն են տխրել.
Գարնան իրիկվա թախծանքով անուշ
Ինձ այլ անուրջի հմայք է թովել...
Մարմանդ ջրերի ցնորքն է խորունկ,
Ամպերն են գրկել մոռացումի նինջ,
Թվաց, թե անցավ մի աղջիկ դալուկ,
Թվաց, թե շնչեց մի բուրմունք թովիչ...
Բախտի խոսքերն են սահում փութանցիկ՝
Երբևէ մի մեղմ նվագ եմ լսել,
Կապույտում ժպտաց մի բարի աղջիկ՝
Երևի մի լույս երա՛զ եմ տեսել...
1909