Էջ:Heroism of Yazidi nation.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թամոյանը, ոգևորում, ոգեկոչում էր եզդի երիտասարդներին, նրանց մղում պայքարի և հերոսության։ Եվ ոչ միայն հանրահավաքներում։ Այդ ժամանակ էր, որ ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որում ընդգրկվեցին շարժման ակտիվիստները։ Կազմկոմիտեի նախագահ ընտրվեց Ազիզ Թամոյանը։ Նրա մեծ ջանքերով էր, որ այդ օրերին եզդի ժողովուրդը համախմբվեց, ստեղծվեց կազմ կոմիտեին կից ռազմական շտաբ, որի պետ ընտրվեց Քյարամ Ավդոյանը։ Եզդի կամավորականները շատ էին, ուստի ռազմական շտաբն ուղղորդում էր եղբայրական եզդի ժողովրդի զավակների բուռն շարժումը, ընտրում առավել տոկուն ու գործիմաց երիտասարդներին։ Ռազմական շտաբի անդամները Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Գ. Ասատրյանի մշտական աջակցությամբ բազմիցս եղան ղարաբաղյան ռազմաճակատների գրեթե բոլոր հատվածներում։ Նրանք եղան Ստեփանակերտում, Լաչինում, Մարտակերտում, Երասխավանում, Ոսկեպարում, Մեղրիում … Այդ ճակատամարտերի, նրանց մասնակիցների, մասնավորապես Ազիզ Թամոյանի մասին ուղղակի մարտի դաշտերում եզդի ազատամարտիկները երգեր էին հյուսում, երգում էին կռվի մեկնելիս։ Պատերազմն ամենուրեք անակնկալներ էր մատուցում, որոնք կարող էին ճակատագրական լինել, խլել մարդկային կյանքեր։ Այդպիսի արտակարգ դեպք պատահեց Ազիզ Թամոյանի հետ, երբ նա ֆիդայիների հետ գնում էր դեպի Նոյեմբերյան։ Ոսկեպար չհասած նրանց ճանապարհը կտրեցին ավտոմատներով զինված խորհրդային զինվորները և ադրբեջանցի օմոնականները, կոպտորեն վերաբերվելով՝ նրանց տարան շտաբ, խուզարկեցին, հարցաքննեցին։ Գերությունը տևեց հինգ ժամ, և միայն Ազիզ Թամոյանի հնարամտությունը փրկեց նրանց։ Ավելին, վերադարձի ճանապարհին, ոլորանից դուրս եկած զրահամեքենան խոյացավ նրանց վրա, փորձելով շրջել մեքենան։ Խուսափելով ընդհարումից ավտոմեքենան անցավ վտանգավոր հատվածը։ Մի այլ անգամ Երասխավանի ճանապարհին, Ազիզ Թամոյանը և նրա մարտական ջոկատը հայտնվեց թշնամու կրակի տարափի տակ։ Ազիզ Թամոյանը հրամայեց պատասխան կրակ բացել, որից հետո միայն թշնամին լռեց։ Մարտերին մասնակցելուց, եզդի ազատամարտիկների հետ հանդիպելուց բացի, Ազիզ Թամոյանը ծավալում էր հայրենասիրական, կազմակերպչական այլ աշխատանքներ ևս։ Նրա աջակցությամբ Եզդիների ազգային միության նախագահությունը հայտարարեց դրամական միջոցների հանգանակություն, և եզդի ժողովուրդը արձագանքելով Ա. Թամոյանի կոչին, հավաքեց 6 միլիոն ռուբլի, որը հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը և Արցախի օգնության հիմնադրամին։