Jump to content

Էջ:Khachatur Abovyan, Collected works, vol. 8 (Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 8-րդ).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանցից մի քանիսի պնդումը, թե քրդերը ծագում են հին մարերից, իսկ ուրիշների ասելով էլ նրանք պարթևներից են ծագում, ըստ ոմանց էլ դա անհավանական է հենց այն տեսակետից, որ Առաջավոր Ասիայի բոլոր ժողովուրդները, ինշպես` ասորեստանցիները, պարսիկները, եբրայեցիները, հայերը և այլն, որոնք սկզբում մի ամբողջություն են կազմել և որոշ ժամանակ իշխել են, միևնույն ժամանակ հասել են կուլտուրայի որոշ աստիճանի, որը նպաստել է ընդհանուր շահերին, և որը նշված է այդ ժողովուրդներից յուրաքանչյուրի, կամ նրանց կրթված հարևանների տարեգրությունների մեջ. իսկ եթե նրանցից շատերը չքացել են, ինչպես փյունիկեցիք, լիդացիք, կապադովկիացիք և ուրիշ շատ շատերը, կամ թե ընդունել են այլ տարբեր սովորություններ, տարազ, կենցաղ, և նրանցից շատերը նույնիսկ` հաղթողների լեզուն ու կրոնը և ձուլվել են նրանց հետ, այնուամենայնիվ նրանք դարերով պահպանել են բերանացի և գրավոր ավանդություններով իրենց ազգային կերպարանքը, իրենց նախկին տիրապետության և ինքնուրույնության տրադիցիաները, իրենց նախկին այն թագավորների ու հերոսների անունները, որոնք աչքի են ընկել իրենց արտակարգ սխրագործոլթյուններով և կառավարական տաղանդով, այս բոլորի նկատմամբ քրդերի մասին ոչ մի տեղ չի կարեւի որևէ բան փնտրել, լսել կամ գտնել։ Նայեցեք այժմյան ասորեստանցիներին (ասորիներին), հույներին, հայերին, այո՛, նույնիսկ վրացիներին, որոնք քիչ թե շատ պահպանել էին իրենց ինքնուրույնությունը մինչև վերջին ժամանակներս, նրանք թաթարներից ընդունել են ո՛չ միայն նրանց ազգային տարազը, սովորությունները և կենցաղի ձևը, իրենց լեզվի մեջ մտցրել են ո՛չ միայն թաթարերեն և թուրքերեն հազարավոր բառեր ու դարձվածքներ, այլև լիովին փոխանակել են իրենց սեփական պոեզիան այդ ժողովուրդների պոեզիայով, և միմիայն իրենց եկեղեցիներում են լսում հոգևոր բովանդակությամբ երգեր։ Իհարկե, երբեմն-երբեմն կարելի է լսել այդ ժողովուրդների խրախճանքներում նաև աշխարհիկ երգեր իրենց մայրենի լեզվով, սակայն, ըստ իրենց զգացմունքի նախապատվության և ճաշակի՝ առավելությունը տրվում է թաթարական երգերին4)։

Այդ բոլորից և ոչ մի բան չի կարելի վերագրել քրդերին։ Նրանց կարծիքով և արտահայտությամբ, նրանք Արաբիայից են գաղթել և նույն ծագումն ունեն ինչ-որ արաբները, թեև նրանց գիտնականները ոչ մի գրավոր ապացույց չունեն այդ մասին: Նրանք իրար մեջ միմյանց անվանում են «կուրմանջե», իսկ ուրիշների մոտ՝ «քրդեր»: Հետևաբար, եթե համեմատության կարգով նկատի առնենք նրանց կրոնը, կերպարանքը և լեզուն, նրանց տարազը, նրանց կենցաղային և հասարակական կարգերի ձևերր, սովորություններն ու բարքերը, ապա դրանով գրեթե ավելի կմոտենանք ճշմարտությանը։ Բոլոր քրդերը, առանց բացառության, դավանում են մահմեդական կրոնը, այն է՝ Սյունի աղանդը։ Նրանց ատելությունը շիաների վերաբերմամբ նույնչափ ուժեղ է, որչափ վերջիններինը առաջինների նկատմամբ։ Նրանք ավելի սիրում են քրիստոնյաներին, քան շիաներին, որոնց երբեք մուսուլման չեն անվանում։ Քրդերն իրենց շատ վիրավորված են զգում, երբ շիաներին իրենց ներկայությամբ այդ անունն են տալիս, որովհետև այդ պատվավոր անունը պատկանում է միմիայն սյունիներին, իսկ դրա փոխարեն նրանք այդ աղանդավորներին ընդհանուր հայհոյական «աջամ» անունն են տալիս, որի տակ հասկացվում են թաթար