ԵԶԻԴԻՆԵՐ
Այս ժողովրդի մասին եղած պատմական տեղեկությունների պակասության պատճառով ազգագրագետներն անհրաժեշտաբար պետք է դիմեն ենթադրությունների և նրանց արդյունքներին։
Հայտնի է, որ եզիդիները երբեք չեն եղել ծագումով մի առանձին, ինքնուրույն ժողովուրդ, այլ որ նրանք փոքր առ փոքր անջատվելով զանազան՝ մեծ մասամբ քրիստոնյա ժողովուրդներից, հետզհետե ձուլվել են և, վերջապես, հետագայում կազմել մի առանձնահատուկ հասարակություն, առանձին դաս: Լեզվով, կերպարանքով, ապրելակերպով, տների ձևով ու ներքին կառուցվածքով, հագուստով, մտավոր զարգացմամը և այլ բնորոշ գծերով նրանք միանգամայն նման են քրդերին, բայց գերազանցում են սրանց' քաջությամբ, հոգու արիությամբ, բարքերի մաքրությամբ, ազնվությամբ ու ազնվաբարոյությամբ։ Եզիդի անունը զզվանք ու ահ էր ներշնչում և հիմա էլ ներշնչում է բոլոր ասիական ժողովուրդներին և, նույնիսկ, գիշատիչ արաբներին, որոնց միջև նույնպես եզիդիներ են բնակվում։ Եզիդիները և նրանց դավանությունը, չնայած որ ամենուրեք եղել են հալածված և բոլորին ատելի, մինչև օրս անաղարտ են մնացել շնորհիվ իրենց աներկյուղության ու բնատուր քաջության, որոնցով այդ ժողովուրդը դիմադրել և ետ է մղել իր մահացոլ թշնամիներին։ Քուրդիստանում, Մոսուլում, Միջագետքի և Ասորիքի շատ վայրերում, որտեղ բազմաթիվ փոքր ժողովուրդներ ու ցեղեր պահպանել են իրենց անկախությունը, զենքը ձեռքին պաշտպանվելով պարսիկների և թուրքերի լծից,— այնտեղ բնակվող հայերը նույնպես միշտ հավատարիմ են մնացել իրենց վաղեմի ռազմատենչ ոգուն, այնպես որ նրանք, իրենց հարևան եզիդիների նման՝ մերթ նրանց հետ միասին, մերթ միայն սեփական ուժերով, ետ են մղել միշտ իրենց թշնամիներին ու ճնշողներին։ Երկու միանգամայն անկախ մարզ ունեին նրանք իրենց իշխանության տակ՝ մեկը Ադանայում, որտեղ մի ժամանակ գտնվում էր հայոց Կիլիկյան պետությունը, Մարաշի և Զեյթունի շրջաններում, մինչև Ռաշիդ-փաշայի ներխուժումն այդ երկիրը, և մյուսը՝ Զուլամա—Կուրավիում։ Օսմանյան կայսրությանը վերջապես հաջողվեց խորտակել այդ ցեղերի, մանավանդ՝ քրդերի և եզդիների անկախությունը, որոնց մի մասը բնաջնջվեց, ցիր ու ցան եղավ, իսկ մյուս մասը հնազանդվեց թուրքական իշխանությանը։ Վերջիններին վիճակվեց ավելի սոսկալի ճակատագիր, որովհետև ստիպված եղան հրաժարվելու իրենց հավատից։ Հերոսաբար կռվում էին նրանք բոլոր ժողովուրդների համար էլ նվիրական սեփականության համար, և բազմաթիվ զինվորներ կնքեցին իրենց մահկանացուն՝ նահատակվելով հայրերի հավա