Jump to content

Էջ:Khachatur Abovyan, Collected works, vol. 8 (Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 8-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տի համար է մյուսներն ստիպված եղան մահմեդականություն ընդունել, և դրա համար ազատություն ստացան: Միայն քչերը փրկվեցին, փախչելով Պարսկաստան, Թուրքիայից դեպի հյուսիս-արևելք գտնվող երկրները և Ռուսական Հայաստան, որտեղ նրանք Ռուսաստանի օրհնյալ օրենքների ներքո վայելում են կատարյալ բարօրություն՝ միանգամայն ազատորեն դավանելով իրենց կրոնը:

Մի ժամանակ եզիդիները քրդերի ու արաբների նման բաժանվում էին զանազան ցեղերի և թափառախմբերի, բացի ընդհանուր բաժանումից՝ նստակյացների և վաչկատունների, որոնցից վերջինները շատ ավելի բազմաթիվ էին, քան առաջինները և այնքան էլ չէին ջլատվում հարատև երկպառակություններով, այլ պահպանում էին իրենց ուժը՝ դաշինքով և հավատի միասնությամբ։ Հայ գրողները այդ ժողովրդի բնակավայրն ու նրա հոգևորականության նստավայրն են անվանում Սինջար կոչվող լեռնային երկիրը, որը գտնվում է Դիարբեքիրի, Մոսուլի և Մծբինի միջև, և ենթադրում են, որ ամենուրեք ցրված եզիդիների ընտանիքների թիվը հասնում էր 200,000-ի, իսկ այժմ, ընդհակառակը, որոշակի ոչինչ չի կարելի ասել նրանց համայնքների քանակի մասին։ Այս ժողովրդի դավանությունը ամենից ավելի է արժանի ուշադրության, ուստի կանգ չառնելով նրա ուրիշ առանձնահատկությունների վրա, բերենք այստեղ, հակիրճ կերպով, նրանց հավատքի սկզբունքները։

Եզիդիներն իրենց համարում են լավագույն և ճշմարիտ քրիստոնյաներ. և իրոք, նրանց կրոնական ծեսերի մեծագույն մասը շատ էլ չի տարբերվում արևմտյան եկեղեցու և, մանավանդ, հայոց եկեղեցու կողմից ընդունված ծեսերից։ Նրանք ճանաչում են բարձրագույն էակին, որին արաբական բառով կոչում են Ալլահ և հավատում են Հիսուս Քրիստոսի աստվածությանն ու մարդեղությանը, որն աշխարհ եկավ մարդկությանը փրկելու և նրան բարձրագույն սկզբունքը ցույց տալու համար։ Նրանք կարծում են, որ Քրիստոսը աստծո լույսն ու ոգին էր և մարդկային կերպարանք առավ, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել նրան։ Իսկ երբ լրացավ երկրի վրա մնալու և նոր ուսմունքը հաստատելու համար սահմանված ժամանակը, հրեաները նրան խաչ հանեցին, և որպեսզի նրա աստվածությունն էլ ավելի մարդկանց ակնհայտ լիներ, նա նույն պահին վերադարձավ երկինք։ Բոլոր մարգարեները, առաքյալներն ու սրբերը պաշտվում են եզիդիների կողմից, թեպետ նրանք չեն տոնում դրանց հատկացված՝ օրերը, և համարյա թե չունեն տոներ՝ բացի մի քանիսից, որոնք առանձնապես հարգի են հայերի մոտ, ինչպես օրինակ՝ սուրբ Սարգսի տոնը, որը հայտնի է նույնպես թուրքերին՝ Խըդր-Նաբի անունով, և նրա տոնին, զատկից երկու շաբաթ առաջ, երբ նրանք երեքօրյա խստագույն պահք են բռնում, սնվելով միայն հաց ու ջրով, այդ ժամանակ նրանցից շատերը նույնիսկ անասունների կերն էլ են պակասեցնում։ Նրանք մեծապես պաշտում են նաև սուրբ Գևորգին, գառներ են մատաղ անում հայոց եկեղեցիներում ու այլ սրբավայրերում, մյուս քրիստոնյաների նման համբուրում քահանաների ձեռքը, առատ նվերներ են տալիս եկեղեցուն, մեծ երկյուղածությամբ սուրբ հաղորդություն ընդունում, հաճախում եկեղեցի և շատ բարեպաշտ են. որտեղ հոգևորականությունր թույլատրում է՝ քրիստոնեական ծեսերով մկրտում են երեխաներին, համբուրում են եկեղեցիների դռներն ու շեմքը. վառվող կանթեղներից յուղ են