Ստեփանոս Օրբելյանի հայտնի ողբը «Ողբք և հառաչանք ի դիմաց մերոյ սրբոյ աթոռոյն էջմիածնի»: «Ողբի» վերջում և հիշատակարանում հատուկ ձևով շեշտվում է պատվիրատուի անունը. «Արարեալ տեառն Ստեփանոսի նախագահ Մետրոպոլիտին Սիւնեաց՝ որդւոյ Տարսալիճ իշխանին, ի խնդրոյ շնորհազարդ սուրբ վարդապետին Խաչատրոյ Կեչառեցւոյ, ի ՉԽԸ (1299) թուականիս մերոյ»:
Ստեփանոս Օրբելյանի ողբը ոչ միայն հորինվել է Խաչատուր Կեչառեցու պատկերով, այլ ինչպես Մ. Աբեղյանն է ենթադրում, գուցե ստեղծվել է նրա հետ խորհրդակցությամբ: «Ողբից» բխող գաղափարախոսությունը լիովին պատշաճում է այդ երկու նշանավոր գործիչների քաղաքական դիրքորոշմանը: Հեշտ նկատելի է, որ Ստեփանոս Օրբելյանի ողբը կրում է Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմի ազդեցությունը, ոչ միայն մտահղացմամբ, այլև պոետիկական առանձնահատկություններով: Ստեփանոս Օրբելյանի ողբում զգալի են Աստվածաշնչի, «Երգ-երգոցի» ազդեցությունները ևս: Թեպետ պոեմում դիմառնաբար խոսում է էջմիածնի կաթուղիկե եկեղեցին՝ որպես որդեկորութ մայր, սակայն հոգևոր գաղափարները երկրորդ պլան են մղված՝ առաջնայինը Հայաստանի քաղաքական անկախության ձգտումն է: Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Արշակունի հայ թագավորներին, Բագրատունիներին, Արծրունիներին, Սյունիքի Բաղաց թագավորությունը: Հատկապես արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Բագրատունիների մասին, նշում այդ թագավորների ընդարձակ տիրույթները, ավաղում Բագրատունի վերջին թագավոր Գագիկ Երկրորդի գահընկեց լինելը, ցավով է հիշում հայոց Բագրատունի թագավորության կողքին Արծրունիների հակաթոռ թագավորության պատմական փաստը և այն դիտում որպես