Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես նկատված է բանասիրության մեջ, Խաչատուր Կեչառեցու դիմումը Ալեքսանդրի պատմությանը պայմանավորվել է նոր աշխարհայեցողության ազդեցությամբ, քրիստոնեական ոգու կողքին հեթանոսական լավագույն ավանդների յուրացմամբ, դեպի աշխարհիկ կյանքն ունեցած նոր դիրքորոշմամբ, քաղաքական առաջադեմ մղումների որոշակի արտահայտությամբ: Բանաստեղծը գործել է մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ և խորապես ապրել է իր ժողովրդի ճակատագրով: Արտաքին նվաճողներին ուղղված ընդդիմադիր ուժը տեսել է հայ ժողովրդի քաղաքական անկախության մեջ և իր երազանքների իրականացման իդեալ հերոսը դարձել է Ալեքսանդր Մեծը հեթանոսական ժամանակների մի նշանավոր դեմք, որի կերպարը ողջ միջնադարում մնացել էր տարբեր ժողովուրդների հիշողության մեջ, իր մեջ մարմնավորելով հզոր տիրակալի լեգենդար գծերը: Ալեքսանդրի պատմությունը հայերէն թարգմանվել է դեռևս 5-րդ դարում, երբ մեր հները մեսրոպյան տառերով արագորեն հայերէնի վերածեցին հին քաղաքակրթության արժեքները, իմաստուն ձևով նրանցում տեսնելով ազգային հարուստ գրականություն ունենալու կարևորագույն նախապայմաններից մեկը: Ալեքսանդրի պատմության թարգմանությունը բանասիրությունը վերագրել է Մովսես խորենացուն. վերջինս իր «Հայոց պատմության» մեջ հպարտությամբ է խոսում հայ քաջարի ցեղապետների ու թագավորների մասին, հատկապես Տիգրան Երվանդյանի: Պատմահոր նման դիրքորոշումը նույնպես պայմանավորված է 5-րդ դարի Հայաստանի քաղաքական աննպաստ դրությամբ և թելադրված ազգային-ազատագրական մղումներով: Այս մտայնությունը ավանդաբար շարունակում է իր կենսական նշանակությունը հետագա դարերուն և հանդես գալիս տարբեր դրսևորումներով: